Հենո, ես քո հայ երկրպագուների և ՀՀ անունից ներողություն եմ խնդրում քեզ դժվար իրավիճակում մենակ թողնելու համար
Հենո, ես քո հայ երկրպագուների և ՀՀ անունից ներողություն եմ խնդրում քեզ դժվար իրավիճակում մենակ թողնելու համար։ Նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ասել էր, որ երեկոյան սկանդալային գրառում է անելու։ Ահա այդ գրառումը Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից․
Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջ է բերում որոշ հարցեր, որոնք նախևառաջ ուղղած են ՀՀ կառավարությանը և մեր ԱԳՆ-ին:
1. Համադրելով մամուլում եղած հրապարակումները, ակնհայտ է դառնում, որ ԵԼ-ի` Բաքվում կայանալիք եզրափակիչին մասնակցելու համար Հենրիխ Մխիթարյանն այս ողջ ընթացքում պետք է անգամ Հայաստանի հավաքականի մարզազգեստով լուսանկար չհրապարակեր, որ հանկարծ Բաքվում դա չհամարեին որպես պովոկացիա: Թե Բաքվի երևակայությունը որքան մեծ է և առաձգական, ինչ կոնկրետ սահմաններ ունի ու անհրաժեշտության դեպքում ինչը կմեկնաբանվեր որպես պրովոկացիա, միայն Աստծուն է հայտնի:
2. Բաքվի` «սեփական ժողովրդին խաղաղության նախապատրաստող» իշխանությունները, նրա դիվանագետները, սպորտի ոլորտի պատասխանատուները և երկրպագուները մամուլում և սոցիալական ցանցերում չեն հոգնում կրկնել, որ Ադրբեջանում ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ հրապարակայնորեն ի ցույց դրվի Հայաստանի դրոշը: Այսինքն, Արսենալի խաղացող Օզիլը կարող է, օրինակ, Բաքվի մարզադաշտում ծածանել Թուրքիայի դրոշը, իսկ Հենրիխը չի կարող խաղից հետո փաթաթվել հայկական եռագույնով, ինչպես մեկ անգամ արդեն արել է` երջանկության անմոռանալի զգացողություններ պարգևելով իր հայ երկրպագուներին:
3. Ակնհայտ է, որ համաշխարհային առաջատար մամուլը, CNN, BBC, Guardian, Times և այլն, հեղեղված է Հենոյի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակով, Արսենալի և Չելսիի երկրպագուները հետ են վերադարձնում արդեն գնված տոմսերը, նրանք պահանջում ու հանրագրեր են ներկայացնում` Բաքվում նախատեսված եզրափակիչը չեղարկելու համար, խնդրի շուրջ իրենց վրդովմունքն են արտահայտում բրիտանացի նախարարներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպան կազմակերպություններ և այլք:
4. Պաշտոնական Բաքուն, հասկանալով, որ գործ ունի իր երկրի միջազգային հեղինակությանը հասցվող մեծ հարվածի հետ, զորաշարժի է ենթարկել բոլոր, ներառյալ դիվանագիտական ողջ ռեսուրսները` փորձելով ներկայացնել այնպես, իբրև թե իրենք տվել են պաշտոնապես բոլոր հնարավոր երաշխիքները, սակայն, Հենոն անձամբ որոշել է «չմեկնել Բաքու», ինչը մեզ ծանոթ ադրբեջանական ձեռագիր է և լկտի սուտ:
5. Արձանագրենք, սակայն, ամենակարևոր հանգամանքը` սպորտը, ֆուտբոլը և ՈՒԵՖԱ-ն հանդես են գալիս ընդդեմ խտրականության, ատելության և ռասիզմի նշանաբանով, իսկ պաշտոնական Բաքուն որևէ կերպ պատասխանատվություն չի ստանձնել, որ Հենոյի` Բաքու մեկնելու պարագայում, խաղի ընթացքում և դրանից դուրս ադրբեջանցի երկրպագուների կողմից կդրսևորվի հարգանք ՈՒԵՖԱ-ի առանցքային այս նշանաբանի հանդեպ: Չեմ խոսում նրա մասին, որ «անվտանգության երաշխիքներ» կոչվածն էլ, ինչի մասին խոսում է պաշտոնական Բաքուն, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում` ադրբեջանական ընկալմամբ, միայն իրենց է հայտնի:
6. Հստակ արձանագրենք, որ խնդրի էությունը կայանում է նրանում, որ ա) Հենրիխը ազգությամբ հայ է, բ) Հենրիխը կրում է ՀՀ քաղաքացիություն և ուշադրություն… գ) Հենրիխը բազմաթիվ անգամ եղել է Արցախում, ինչը Ադրբեջանի հիվանդ օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է: Ես չգիտեմ, ու այդ մասին չի էլ խոսվում, թե արդյոք Բաքուն տվել էր երաշխիքներ, որ սեփական հիվանդ օրենսդրությունը այդ պարագայում չի գործելու:
7. Վերջին կետով պայմանավորված, ո՞վ պետք է հանդես գար Հենրիխի իրավունքների պաշտպանության և այդ իրավունքների երաշխավորման դիրքերում, եթե ոչ միայն ու միայն Հայաստանի Հանրապետությունը` նրա անունից հանդես եկող կառավարությունը և արտաքին գործերի նախարարությունը: Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այստեղ բնավ առաջնային անելիք չուներ:
8. Իսկ ի՞նչ է արել մեր կառավարությունը: Ոչի՛նչ: Զրո՛: Իմ և այլոց ավելի վաղ արված հորդորներից հետո ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարվել է ընդամենը, որ «ՀՀ-ն դեմ չէ, որ Հենրիխը մեկնի Բաքու», այն դեպքում, երբ գոնե Հենրիխի զուտ ազգային պատկանելիության և քաղաքացիության հանգամանքով պայմանավորված, պարտավոր էին անել հնարավորն ու անհնարը:
9. Հենրիխը, ինչպես մեկ անգամ ասել եմ որպես պատգամավոր, հազար անգամ ավելի մեծ ու արդյունավետ գործ է անում մեր երկրի ու ժողովրդի` աշխարհում դրական ճանաչելիության բարձրացման առումով, քան «ինձ նման տասնյակ պատգամավորներ ու դիվանագետներ միասին վերցրած»: Ու ստացվում է ի՞նչ. մեր ԱԳՆ-ը Հենրիխին հիշում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է, առանց երկար-բարակ մտածելու, նրա ձեռքից վերցնել դիվանագիտական անձնագիրը, իսկ, երբ քո երկրի «իրական դեսպանը» իր իսկ իրավունքների պաշտպանության խնդիր ունի, նրան թողնում է մենակ` Ադրբեջան պետության ռեսուրսների ու քարոզչության դեմ, քանի որ մեր կառավարությունը միակողմանիորեն առայժմ զբաղված է «սեփական ժողովրդին խաղաղության պատրաստելու» չբացատրված աշխատանքով:
10. Հենո՛, ես քո բոլոր հայ երկրպագուների և քեզ անձնագիր տված պետության` Հայաստանի Հանրապետության անունից ներողություն եմ խնդրում քեզ համար ստեղծված դժվար իրավիճակում քեզ մենակ թողնելու, քո իրավունքները չպաշտպանելու, մեր ձեռքից եկածը չանելու համար: Անկեղծորեն, ներողություն եմ խնդրում ու խոստանում, որ անգործության այս անբացատրելի խավարը երկար չի ձգվելու: Դու մեր ժողովրդի հպարտությունն ես: Դու նրա սրտում ես»: