«Հա, լեյկոզ, ի՞նչ է եղել, կբուժվեմ»․ 11-ամյա Ռոմանը պայքարում է քաղցկեղի դեմ (ֆոտո)
«Հա, լեյկոզ, ի՞նչ է եղել, կբուժվեմ»․ 11-ամյա Ռոմանը պայքարում է քաղցկեղի դեմ
11-ամյա Ռոմանի ամենասիրելի խաղը ֆուտբոլն է, սիրած թիմը՝ «Արսենալը»։ Խաղում է թե՛ դասընկերների, թե բակի ընկներների հետ։
«Մաթեմատիկան ու անգլերենն էլ եմ շատ սիրում, շախմատ խաղալ եմ սիրում, բայց ամենաշատը ֆուտբոլն եմ սիրում», – ասում է, ու ժպիտով ցույց տալիս ԲԿՄՍ ֆուտբոլիստների նվիրած գնդակը։
Ռոմանը 2018 թվականի դեկտեմբերին ողի կոտրվածք է ստացել, ինչից հետո 2 ամիս շարունակ եղել է հիվանդանոցում ու չի կարողացել քայլել։ Երեխայի մոտ 2019-ի մարտին արդեն հայտնաբերվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ։
Բուժման 3 փուլ է անցել, քիմիոթերապիայից հետո քիչ-քիչ սկսել է քայլել։ Հիմա քայլելը Ռոմանի համար խնդիր չէ, նույնիսկ վազվզում է ու իր սիրելի ֆուտբոլը խաղում։
Օրեր առաջ նրան ընդունել է Հանրապետության նախագահը։ Ոգեւորությամբ է պատմում․
«Նախագահի հետ հանդիպեցի, ինձ պլանշետ նվիրեց, ասաց՝ որ մեզ հետ է, չվախենամ․․․»։
Երեխան այժմ բուժման պահպանողական փուլում է, տնային ուսուցում է ստանում։
Նրա հիվանդությունը վարող բժիշկներից մեկի՝ Պրոֆ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մանկական արյունաբան Լուսինե Քրմոյանի խոսքով՝ երեխայի վիճակը այսօրվա դրությամբ լավ է, ստանում է իր պահպանողական բուժումը, որը կշարունակվի մինչեւ 2021 թվականի ապրիլ։
«Ռեմիսիայի մեջ է, այսինքն՝ հիվանդությունը հետ է նահանջել։ Օնկոլոգիայի մեջ մենք չենք կարող 100 տոկոսանոց կանխատեսում անել՝ թե ինչ կլինի, վիճակը գնահատում ենք այս պահի դրությամբ», – ասում է բժիշկը։
Մայրը՝ Արփինեն նշում է, որ երեխան երբեք չի ընկճվում ու բոլորին վստահեցնում է, որ բուժվելու է ու դպրոց գնա։
«Պայքար տանող երեխա է, ասում է՝ «հա, լեյկոզ, ի՞նչ է եղել, կբուժվեմ, ես հաղթելու եմ, կտեսնես, որ սեպտեմբերին դպրոց եմ գնալու, մեջքս էլ եմ ուղղելու, էսպես չի մնալու»։
Այս ընթացքում երբեք չէր ընկճվում, չէր նեղվում ինքը շատ ամուր երեխա է, իր չկոտրվելը, հուսախաբ չլինելը ինձ էլ է ուժ տալիս»։