Մամուլ

Հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը

Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը: Այս մասին հայտարարում է Մատենադարանի տնօրինությունը, փոխանցում է shamshyan.com-ը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Խորը մտահոգությամբ տեղեկացանք, որ անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը: Այս փաստը հրամայական է դարձնում մասնավոր անհատների կացարաններում և համայնքի եկեղեցական հաստատություններում առանց անվտանգային պատշաճ համակարգի և պահպանման պայմանների ձեռագրերի առկայության խնդրի կարգավորումը:

Մատենադարանի տնօրենությունը հնարավոր բոլոր առիթներով հայտարարել է իր պատրաստակամությունը՝ եթե ոչ իբրև նվիրատվություն ընդունելու, ապա այդ մատյանները ժամանակավոր պահպանության առնելու վերաբերյալ:

Սույնով վերահաստատում ենք մեր հանձնառությունը և պատրաստ ենք մասնավոր կամ համայնքային պատկանելության ձեռագիր մատյանների պատշաճ պահպանության համար ի սպաս դնելու Մատենադարանի նյութական և մասնագիտական կարողությունները:

Երաշխավորում ենք, որ բոլոր մատյանները մուտք կգործեն Մատենադարանի պահոց՝ ըստ ժամանակավոր պահպանության նախապես ստորագրված պայմանագրի, որում կամրագրվեն սեփականատիրոջ իրավունքները և Մատենադարանի պարտավորությունները:

Ցավալի է, որ Մատենադարանի «Մատյանների տունդարձը» արշավին զուգահեռ, որի շնորհիվ աշխարհի տարբեր աճուրդներից և մասնավոր հավաքածուներից Հայաստան են վերադառնում մեր հոգևոր արժեքները, մեր իսկ երկրում կողոպտվում են և անհետանում  հոգևոր պատմության նմուշները:

Այս ոլորտում Մատենադարանի հետ համագործակցությունը քաղաքացիական հասունության և պատասխանատվության ցուցիչ է»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝  դեկտեմբերի 7-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ սովետական տարիներից հայտնի Տափերական գյուղի տներից մեկում եղել է մատուռ, որտեղ անգամ սովետական տարիներին հավատացյալները այցելել ու իրենց աղթոքն են բարձրացրել առ Աստված և մատուռում եղել են բազմաթիվ սրբապատկերներ, Քրիստոնեությունը խորհրդանշող սիմվոլներ, այդ թվում՝ խաչերի հետ Վանից բերված «Չարխափան» Ավետարան, որը 13-րդ դարի Ավետարան է եղել ու միչև այսօր տան տերերը այն սերնդեսերունդ փոխանցել են։

Առավոտյան տան տերերը, ովքեր նաև մատուռի հարևանությամբ իրենց հարևանների ու համագյուղացիների հետ կառուցում են եկեղեցի, աշխատանքները կատարելու ժամանակ նկատել են, որ մատուռի երկաթե ճաղավանդակը, որը 4 կողմից եղել է մեխված բետոնե պատի մեջ՝ կոտրված է։

Վատ բան գուշակելով՝ ընտանքիի անդամները մտել են մատուռ և հայտնաբերել են, որ այնտեղից հատուկ անկյունում տեղադրված 13-րդ դարի «Չարխափան» Ավետարանը գողացել են։

Ողջ գյուղը շոկի մեջ էր ու այնքան զայրացած, որ պահանջում են, որպեսզի իրավապահները, տվյալ դեպքում արդեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ, հայտնաբերեն ստահակին կամ ստահակներին և այդ Ավետարան Սուրբ Գիրքը։

Դեպքի մասին արդեն ոստիկանությունը տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է նաև քննչական խումբը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները, որոնց մի մասը հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«Ինչ ասես լսել էինք, ինչ ասես տեսել էինք, բայց որ տականքը կամ տականքները նման սրբապղծություն կանեին, չէինք հավատում։ Ասենք եթե մտներ տուն թալաներ, գոմից կով ու ոչխար տաներ, կասեինք իրա հերն էլ շուն դառնա, բայց որ մտնում ես Աստծո տուն և այնտեղ կատարում Աստծո կողմից դատապարտելի պատվիրաններից նաև գողությունը, դուք կամ դու ոչ թե մարդ եք, այլ սատանի ծնունդներ։ Դուք նեռն եք։

Էդ «Չարխափան» Ավետարանը ոչ միայն մեր գյուղում, այլև հարակից գյուղերի, Հայաստանի տարբեր շրջաններից դեռ սովետական տարիներին էնքան մարդկանց ա օգնել, էնքան մարդկանց ա բուժել, որովհետև այդ մարդիկ հավատով են եկել Տափերական, հավատով են մտել մեր մատուռը ու «Չարխափան» Ավետարանի ներքո իրենց աղոթք-խնդրանքներն են ուղղել Աստծուն ու մարդիկ եթե առողջական խնդիրներ են ունեցել, հետո եկել են գյուղ ու ասել, որ հենց էդ գրքի զորությամբ բժշկվել են»։