«Հարցնում եմ՝ վերջին զանգը ե՞րբ է եղել, ինձ ձեռք են առնում, ասում են՝ դպրոցի վերջին զանգի մասին է խոսքը»․ ՌՈ-ում մահացած զինվորի ծնողին ծաղրել են
«Իմ տղան իմ ընկերն է եղել, մենք մեր ու տղա չենք եղել, եթե նեղության մեջ լիներ, ինձ կասեր։ Դեռ դիակը մորգ չտարած հայտարարեցին՝ ինքնասպան է եղել։ Ինչո՞ւ։ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում ասում եմ՝ իրենց պատասխանատուն ո՞ւր է, ասում է՝ դա դրեք մի կողմ։
Հարցնում եմ՝ իմ տղան վերջին անգամ ո՞ւմ է հետ է խոսել, որ ասում եք ինքնասպան է եղել, ասում է՝ այդ հարցն էլ դրեք մի կողմ։ Ես այդ պահին գժված, ցնորված էի»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է մայրն ու նշում՝ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում անգամ իր վիշտը չեն հարգել՝ ծաղրել են, երբ փորձել է հասկանալ, թե ինչու է որդին մահացել։
«Հարցնում եմ՝ վերջին զանգը ե՞րբ է եղել, ինձ ձեռք են առնում, ասում են՝ դպրոցի վերջին զանգի մասին է խոսքը։ Իմ տղան մահացած Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են։ Դա ասելու բա՞ն է, ձեռք են առնում։ Իրենց համար զինվորը զրո է։ Իմ տղան միակը չէ։ Հունվարից սկսած 16 դեպք է եղել, իմ տղան 16-րդն է ու սաղ ինքնասպա՞ն եղան»,-ասում է նա։
Տիկին Թամարային փոխանցմամբ՝ իրեն անարգելու վերջնագիծը եղել է այն, երբ խնդրել է իրեն փոխանցել որդու զինվորական հագուստը, բայց առանց դատական վճռի ռազմականում հայտարարել են՝ ինքնասպան է եղել, զինվորական համազգեստը տալ չեն կարող։
«Ռազմականին ասում եմ՝ իմ տղայի հագի շորն եմ ուզում, պատասխանում են՝ ի՞նչ ես անում։ Ես իմ տղայի հոտ եմ ուզում քաշել, դա եմ ուզում։ Ես ինչ ասում եմ՝ ասում են այդ հարցերը դիր մի կողմ»,-ասաց նա։
Մայրը դեպքից ժամեր առաջ՝ 19:00-ի հատվածում է վերջին անգամ խոսել որդու հետ։ Տղան որևէ խնդրի մասին չի բարձրաձայնել, տրամադրությունը բարձր է եղել։ «Պոստ գնալն իր համար ուրախություն էր, խելքն իրենը չէր։ Այդ օրն էլ, որ խոսեցինք ուրախ էր, իմացավ, որ կոմպոտ եմ փակում, ասաց՝ փակի, որ գամ խմեմ, գնամ ատեստավորման։ Իմ տղան ինքնասպան լինելու պատճառ չուներ, ուժեղ տղա էր։ Անկապ խոսում են»,-որդու հետ վերջին հեռախոսազրույցը վերհիշելով պատմում է մայրը։