Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը
Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը
Սպուտնիկ Արմենիան գրում է․ Արևմտյան Աֆրիկայում գտնվող հեռավոր Աբուջայում 8-9 ամսական հղի կինը 20 լիտրանոց ջրի շշեր է տեղափոխում, իսկ նրա կողքին կանգնած ամուսինը`կնոջ կատարած աշխատանքի դիմաց ստացած փողերն է հաշվում։ Նման պատկերները սկզբում Հայաստանում ծնված մեծացած Իռենայի համար շոկային էին, սակայն ժամանակի հետ սովորական դարձան։
Իռենա Ղևոնդյանն արդեն յուրացրել է Նիգերիայում ապրելու և տեսածից չզարմանալու նուրբ արվեստը։ Ի՞նչն էր պատճառը, որ Իռենան բնակություն հաստատեց Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ մշակույթով, կենցաղով, սովորույթներով ու կլիմայով տարբերվող աֆրիկյան երկրում։ Պատասխանը մեկն է՝ սերը․․․
Լիբանանահայ Հովիկի հետ Facebook-յան նամակագրությունը կապուտաչյա գեղեցկուհու համար ճակատագրական դարձավ։ Թեպետ Իռենան սկզբունքորեն դեմ էր համացանցային ծանոթություններին, բայց սերը հաղթեց աղջկա սկզբունքին։ Որքան էլ զարմանալի է, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Հովիկի հետ, որն արդեն գրեթե 10 տարի է, ինչ Նիգերիայում է ապրում, զրուցելու թեմաներ գտնվում էին. աղջկա համար հետաքրքիր էր` ինչպիսին է կյանքն Աֆրիկայում, և ինչ գործ ունի Հովիկն այնտեղ։
Շփման ընթացքում պարզեց, որ, լիբանանցիների համար Նիգերիան և հարևան երկրները գրեթե նույն նշանակությունն ունեն, ինչ Ռուսաստանը՝ հայերի համար․ Նիգերիան էլ լիբանանցիների, այս դեպքում նաև լիբանանահայի համար որպես «խոպան» է ծառայում։ Նիգերիայի նման զարգացող երկրներում նեղ մասնագետների կարիք շատ կա․․․ Այսպես, զրուցելու թեմաներն էլ ավելացան, զգացմունքներն` էլ։
«Երբ ընտանիքիս պատմեցի, որ համացանցով մի լիբանանահայ տղայի հետ եմ շփվում, որը Նիգերիայում է ապրում, բնականաբար, սկզբում բոլորը դեմ գնացին։ Ի՞նչ Նիգերիա․․․ Բայց ես վճռական ասացի`դա իմ ընտրությունն է»,- պատմում է Իռենան։
Այդպես Հովիկն առաջին անգամ այցելեց Իռենային, երկրորդ անգամ արդեն, հայկական ավանդական ձևով՝ ընտանյոք եկան «աղջիկ ուզելու»։ Ծանոթությունից մոտ մեկուկես տարի անց ամուսնացան ու Իռենան Հովիկի հետ տեղափոխվեց Նիգերիայի մայրաքաղաք Աբուջա. մեկնելուց առաջ նաև մի շարք պատվաստումներ ստացան։
«Մարդիկ նոր երկիր մեկնելուց առաջ համացանցում ինֆորմացիա են փնտրում, նկարներ նայում, տվյալ երկրին ծանոթանում, որ հասկանան՝ ուր են գնում, ես այդպես չվարվեցի։ Վախենում էի, հանկարծ չհիասթափվեմ»,- անկեղծանում է Իռենան ու հիշում, որ առաջին հարվածը Նիգերիայում «մշակութային շոկն էր»։
Այստեղ աղջկան օգնության հասան ամուսնու ընկերների կանայք։ Նրանք սկսեցին օգնել աղջկան՝ հաղթահարել դժվարություններն ու սովորեցրին հարմարվել նիգերական կենցաղին։
Բանջարեղեն, միրգ, այն, ինչ ուտում ենք հում վիճակում, լվանում ենք հատուկ նյութերով՝ քլորի հաբերով։ Մարդիկ կան, որ քլորը փոխարինում են աղաջրով, որոշները՝ քացախաջրով։ Նախկինում անխտիր ամեն ինչն էի քլորով լվանում, հիմա հարմարվել եմ․ այն, ինչը խաշում եմ կամ ջերմային մշակման ենթարկում, քլորով չեմ լվանում»,- պատմում է Իռենան։
Նիգերիայում ապրելն այնքան սովորական է դարձել, որ հիմա արդեն Իռենան երկար է մտածում, որպեսզի իր համար արտասովոր որևէ բան հիշի։ Լողանալու համար նախատեսված ջրի բաքերին այնքան է ընտելացել, որ դրանք ախտահանելու համար այլևս ամեն անգամ քլորի հաբեր չի օգտագործում. տարվա մեջ մեկ, երկու անգամն էլ բավարար է։
«Ես ոչ մի անգամ մալարիայով չեմ հիվանդացել»,- ի պատասխան իմ տարակուսած հայացքին՝ Իռենան շտապում է բացատրել, որ Նիգերիայում մալարիան նույնն է, ինչ մեզ մոտ, օրինակ` գրիպը։
«Մի երեք օր հատուկ դեղահաբեր ենք ընդունում ու վերջ։ Տարբեր հիվանդություններից զերծ մնալու համար հատակը մաքրում ենք հատուկ նյութերով։ Պաշտպանիչ, կանխարգելիչ ու ախտահանող նյութերն այստեղ անհրաժեշտություն են ու կենցաղի անբաժանելի մաս են կազմում»,- նշում է Իռենան։
Աբուջայի բնակիչները մեկ կարևոր առանձնահատկություն ևս ունեն․ այստեղ անելիքն այնքան շատ է, որ գրեթե բոլորը տանն աշխատողներ ունեն, որոնք օգնում են տնտեսուհիների տնային գործերում»,- պատմում է Իռենան ու ժպիտով հավելում, որ տան աշխատող ունենալն այնքան էժան է, որ անիմաստ է չունենալը։
Զարմանում է հատկապես կանանց վրա․ նրա համար տարօրինակ է՝ ինչպես է տեղացի փոքրամարմին կինը կարող է 20 կիլոգրամանոց զամբյուղը գլխին դնել, և այդքան կշռող մի շիշ էլ ձեռքում պահել ու հանգիստ քայլել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում