Մամուլ

Հարսանեկան արարողություն նկարահանողները փրկվել են ամրագոտու շնորհիվ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 11:10-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 57 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, այն մոտ 80 մետր շպրտել, ապա դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով հողաթմբերին ու քարերին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի ենթարկվածները մասնակցում էին հարսանեկան արարողությանը և հարսանիքը նկարահանողներն են եղել։ Իսկ երբ քաղաքացիները նրանց օգնության են հասել, նրանք եղել են ամրակապված և հենց ամրագոտու շնորհիվ է, որ հարվածներ ստանալիս ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել։

Կիսվել