Մամուլ

«Հարբած սուտ է խոսել, ուղեղի հետ խնդիրներ ունի»․ Սարո Լալայանի կինը՝ ամուսնու մասին. «Հրապարակ»

«Հրապարակը»-ը գրում է․ Մամուլում երեկ լուր տարածվեց, թե ՀՀ քաղաքացի, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը (Մեծ և Փոքր Մասիսները): Ժամեր անց Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում տարածեցին, որ նման քաղաքացի անձնագրային բաժին չի դիմել։

«Հրապարակը» փորձեց պարզել, թե ինչ է իրականում կատարվել։ Մենք զանգահարեցինք Սարո Լալայանին, հեռախոսազանգին պատասխանեց նա, չխոսեց, ապա փոխանցեց կնոջը։ Լալայանի կինն ասաց, որ ամուսնու պատմածը սուտ է, եղել է խմած, ոչ ադեկվատ վիճակում։

«Մարդը հոգեկան շեղումներ ունի, հարբած, ոչ ադեկվատ խոսել է, չի հասկացել, թե ինչ է խոսել»։ Մեր դիտարկմանը, թե լրատվամիջոցին ասել է՝ Արարատ լեռան պատկերով ստորագրություն ունենալու պատճառով փաստաթուղթ չեն տվել, սակայն ՆԳՆ-ից հերքում են, պատասխանեց․ «Սուտ է ասել, ինքը ոչ մի խնդիր չի ունեցել»,-ասաց Լալայանի կինը։ 

Հիշեցնենք ՝ ՆԳՆ-ից հայտնել էին, թե Սարո Լալայան անուն ազգանունով մարդ չի սպասարկվել այդ ստորաբաժանումում, քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։

«Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին, ըստ քաղաքացու, մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից անմիջապես կապ է հաստատվել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ»,-հայտնեցին ՆԳՆ-ից։

Կիսվեք էջում