«Հարազատներիցս մեկն էր զանգել, ասում էր՝ ավտոբուսի մեջ Աշոտին է տեսել». Սուրենյանց
«Հարազատներիցս մեկն էր զանգել, ասում էր՝ ավտոբուսի մեջ Աշոտին է տեսել». Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես չեմ ուզում երկիրս հայտնվի քաղաքացիական բախումների հորձանուտում
Քիչ առաջ հարազատներիցս մեկն էր զանգել, ասում էր՝ ավտոբուսի մեջ այսօր Փաշինյանի որդի Աշոտին է տեսել:
Միանգամից մի քանի միտք սկսեցին տանջել ինձ:
Աշոտի վնասվածքը փաստորեն լուրջ չէ ու դա լավ է, բայց էդ դեպքում՝ ո՞րն էր որդեկորույս որը կալանավորելու, նրան ցուցադրաբար պատժելու ու կրքեր բորբոքելու պատճառը:
Հիմա՝ ավելի լուրջ խնդրի մասին:
Փաստորեն, հայտնի միջադեպից հետո, Աշոտը դարձյալ շրջում է առանց թիկնապահների՝ հասարակական տրանսպորտով:
Դե, իշխանական PR-ը հեքիաթ կպատմի «ժողովրդական» վարչապետի ու նրա նույնքան «ժողովրդական» ընտանիքի մասին:
Չէ, սիրելիներս, ձեր վարչապետը վաղուց «ժողովրդական» չէ ու այդ բառը նրա համար ձև է՝ զուրկ բովանդակային որևէ բաղադրիչից:
Նիկոլի չափ Հայաստանում որևէ մեկն իշխանություն չի սիրել, այն պահելու համար նա պատերազմ է սադրել, անհրաժեշտ պահի պատերազմ չի կանգնեցրել, 4000-ը նրա համար ոչ թե ողբերգության խորհրդանիշ է, այլ սոսկական թվաբանություն ու հենց այդ տրամաբանությամբ՝ նա համարեց, որ արտահերթ ընտրություններից հետո նա «մաքրել» է հաշիվները պատերազմի հետ ու հիմա «կարմիր լաթ» տեսած ցլի պես կատաղում է, երբ կան մարդիկ, ովքեր խոսում են պատերազմի, պարտության, դրանում իր պատասխանատվության մասին:
Ժողովուրդը դեռ կանտեսվի «ժողովրդական» Նիկոլի հետ, երբ իշխանությունը կորցնելու պահին նրան երազներում այցի գա Քոչարյանն՝ իր «արժեքավոր» խորհուրդներով: Այդ օրը սարերի հետևում չէ:
Նիկոլն ու նրա ընտանիքը թքած ունեն պետության վրա: Հակառակ պարագայում՝ Աշոտը չէր «հանդգնի» առանց պետական պահպանության շրջել՝ հայտնի միջադեպից հետո:
Խնդիրը խորքային ու վերաբերում է ոչ այնքան Աշոտի, որքան երկրի անվտանգությանը, որովհետև նրա հայրը, դժբախտաբար, դեռ վարչապետ է:
Պետք է համապատասխան կառույցները, հատկապես՝ ՊՊԾ-ն, հետևություններ անեն ու ինքնուրույն որոշումներ կայացնեն, քայլեր իրականացնեն:
Այս կառույցների ղեկավարները տիրապետում են օպերատիվ տվյալների ու շատ լավ գիտակցում են, որ Փաշինյանին կամ այդ ընտանիքի որևէ անդամի տեսնելիս՝ հասարակության յուրաքանչյուր երրորդ անդամը գուցե չկարողանա զսպել էմոցիաները: Ընտանիքապետության, դրա «տաղանդավոր» կառավարման հետևանքով:
Ես չեմ ուզում երկիրս հայտնվի քաղաքացիական բախումների հորձանուտում, եթե անգամ հայտնի մի ընտանիք նման դիվային հաշվարկ ունի»: