Հարաբերությունները խզման եզրին են․ ՌԴ ԱԳՆ
Հարաբերությունները խզման եզրին են․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն երկուշաբթի օրը կանչել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից արված անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։
«Մարտի 21-ին ՌԴ Արտաքին գործերի նախարարություն կանչված ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին դեմարշ է արվել և բողոքի նոտա հանձնվել Ռուսաստանի նախագահի հասցեին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի կողմից վերջերս արված անընդունելի հայտարարությունների առնչությամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Շեշտվել է, որ ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները հարիր չեն նման բարձրաստիճան պետական գործչին և ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են կանգնեցնում։
Նախազգուշացրել ենք, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող թշնամական գործողությունները կստանան վճռական և կոշտ հակահարված», – հայտնել են նախարարությունից։
Բացի դրանից, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ակտուալ երկկողմ հարցեր քննարկելիս դեսպանի առջև «սուր դրվել է ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների նորմալ աշխատանքային պայմանների ապահովման հարցը, ներառյալ դրանց անխափան գործունեության երաշխիքները»։