Հասունանալուց հետո հասկացա, որ պետք է նաև ներքին գեղեցկություն լինի․ Դիանա Ղզրոյան․ «Հրապարակ»
«Հրապարակը»-ը գրում է․ Հայաստանը «Miss Star International» գեղեցկության մրցույթում, որը կկայանա 2024 թվականի դեկտեմբերին` Բրազիլիայում, կներկայացնի տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը: Սա «տրանսգենդերների ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթն է», ինչպես նշված է նրանց պաշտոնական էջում։ «Հրապարակը» զրուցել է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանի հետ:
– Դիանա, երեկվանից համացանցում ամենաքննարկվող թեման Ձեր մասնակցությունն է տրանսգենդերների գեղեցկության մրցույթում: Ի՞նչ մրցույթ է սա, ի՞նչ է իրենից ներկայացնում, ինչպե՞ս հենց Դուք ընտրվեցիք: Ովքե՞ր ընտրեցին Ձեզ:
– Ըստ իս՝ սա շատ մեծ և լուրջ քայլ է մեր իրականության մեջ, որովհետև Հայաստանը հետսովետական կոնսերվատիվ երկիր է, մենթալիտետն այստեղ ուրիշ է և ամեն տրանսգենդեր կին չէ, որ Հայաստանում ռիսկ կաներ, կունենար համարձակություն դիմելու այս քայլին: Սա ոչ միայն տրանսգենդերների միջազգային մրցույթ է, այլ նաև մեծ միջազգային հարթակ է, բարձրաձայնելու մեր երկրում ԼԳԲՏ մարդկանց խնդիրների մասին: Այլ երկրներում շատերը մտածում են, որ Հայաստանը հետսովետական մի երկիր է, որտեղ ամեն ինչ շատ խիստ է, մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և այստեղ չկան ԼԳԲՏ մարդիկ, կամ կան, բայց ապրում են այնպես, ինչպես 90-ականներին էին ապրում` թաքնված, իսկ բացահայտվելու դեպքում սպանվում են:
Իմ ասելիքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ժամանակակից ժողովրդավար երկիր է, փառք Աստծո՝ վերջին տարիներին` առավել ևս: Հայաստանն այսօր մարդկանց միջև հավասար իրավունքների է ձգտում, առանց խտրականության և բռնության: Մենք այսօր օրենքի առաջ հավասար ենք: Իմ ձայնն այդ միջազգային մրցույթում ոչ միայն իմ անձի, իմ արտաքինի մասին է լինելու, այլև մեր երկիրը ներկայացնելու: Թե ինչպես մասնակցեցի մրցույթին, ասեմ, որ դա իմ մանկության երազանքն է եղել: Ես ինձ հիշում եմ երեխա ժամանակ, երբ երազում էի նման մրցույթի մասնակցելու մասին:
Ինձ միշտ իդենտիֆիկացրել եմ որպես կին, իմ գենդերային ինքնությունը չի համապատասխանել իմ բիոլոգիական ինքնությանը, այդ պատճառով էլ դեռ մանկության տարիներից նման երազանքներ եմ ունեցել` գեղեկություն, բեմ և այլն: Բնականաբար հասունանալուց հետո հասկացա, որ պետք է նաև ներքին գեղեցկություն լինի: Գեղեցկության բոլոր մրցույթներում ոչ միայն արտաքինն է կարևորվում, այլև մասնակիցների ինտելեկտուալ կարողությունները, ասելինքն ու ձայնը:
Պարզապես, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում ապրող տրանսգենդերը պետք է շատ աշխատի այս երազանքն իրականացնելու համար: Պետք է համառություն, ուժ, եռանդ ունենաս, որպեսզի այս հասարակության մեջ կարողանաս կայանալ, չհալածվել, չխոցվել և այլն:
– Հալածման դեպքերն այդքան շա՞տ են, թե՞, այնուամենայնիվ, երկակի ստանդարտներ են մեզանում:
– Հայ հասարակության տղամարդկանց մեջ լատենտ ասվածը շատ վառ է արտահայտված և դա ունի իր պատճառները: Շատ տհաճ է, որ տեսնում ես, որ իքս տղամարդը քեզ համակրում է, դրական խոսքեր է ասում, թեկուզ համացանցով, ցանկանում է հանդիպել և այլն, բայց կարող ես նաև ականատես լինել, որ նույն տղամարդը խոսում է ԼԳԲՏ անձանց վառելու, սպանելու մասին:
Սա ամենամեծ անարդարությունն է, որը չես կարողանում մարսել: Սա կոպիտ անարդարություն է, բայց պետք է հաշվի նստել ազգի մենթալիտետի հետ, որովհետև ամեն դեպքում ծնվել ես այստեղ: Մենք չենք ընտրում որտեղ ծնվենք: Այստեղ որոշ առումով պայքարից բացի պետք է նաև կոմպրոմիսի գնալ, հաշվի նստել մարդկանց հետ, որովհետև այդկերպ մարդիկ քեզ նաև դրական իմաստով են ընկալում, հասկանում են, որ դու էլ ես տրամաբանում: Այս մոտեցումն ադեկվատ մարդկանց կողմից գնահատվում է և շատ դեպքերում փոխվում է նրանց կարծիքը:
Իմ կյանքում շատ են դեպքեր եղել, որ մարդիկ ինձ հետ շփվելով փոխել են իրենց կարծիքը համայնքի մասին: Տրանսգենդերներին շատերը վերաբերվում են որպես 18 + մղումներով անձ, չեն պատկերացնում, որ մենք էլ կարող ենք համալսարան ավարտած լինել, լեզուների տիրապետել և այլն: Անկախ ամեն ինչից մարդիկ պետք է հասկանան, որ դու մարդ ես ու ունես հավասար իրավունքներ, կապ չունի գենդերային ինքնությամբ ինչքան ես տարբերվում, կամ տարբերվո՞ւմ ես թե՞ ոչ: Մարդը բանական էակ է, որն աշխարհում բացարձակ արժեք է:
Չի կարելի մարդկանց տարբերակել, տարբերակում են կենդանիներին, տարբերակում են երկրներն ու փողոցները, մոլորակները, բայց ոչ մարդկանց: Մարդիկ բոլորն ունեն նույն գենետիկան, նույն քրոմոսոնները, նույն կենսաբանական և անատոմիական առանձնահատկությունները: Կան մարդիկ, ովքեր շատ են կրոնի և ազգային տրադիցիաների մեջ խորացած, դժվար է կոտրել այդ բոլոր կաղապարները, բայց հավատացեք, բավականին շատ արդյունք կա:
Ինչքանով որ կա ատելություն, հոմոֆոբիա, տրանսոֆոբիա, հավատացեք նույնքան է կա աջակցություն, բայց քանի որ կան երկակի ստանդարտներ, շատերը բացահայտ իրենց համակրանքը չեն արտահայտում: Իմ սոցցանցերում լիքը մարդիկ են ինձ գրում, աջակցում, հիացմունք արտահայտում, սակայն շարունակում են մնալ այն իքս մարդը, ով ապրում է հասարակության մեջ: Ես չեմ կարող ինձ ուղարկված նամակները ցույց տալ բոլորին և ասել` տեսեք, ինչքան լավ բաներ են գրում ինձ:
– Վերադառնալով մրցույթին` Դուք հենց Հայաստա՞նն եք ներկայացնելու, թե՞ պարզապես ազգությամբ հայ եք ներկայանալու: Ինչպե՞ս հենց Դուք ընտրվեցիք:
– Տվյալ մրցույթը, որին ես մասնակցելու եմ, ներկայացնելու եմ Հայաստանը: Իսպանական մրցույթ է և նրա համար է, որ տարբեր երկրների տրանսգենդերներ մասնակցեն: Տարբեր տարիների, տարբեր քանակի մարդիկ են մասնակցել մրցույթին: Այս տարի մասնակցում է ավելի քան 32 երկիր` տարբեր մայրցամաքներից: Հաղթողը ունենում է դրամական շահում, թագադրվում է և պայմանագիր է կնքում կազմակերպության հետ, առաջիկա մեկ տարում զբաղվել ակտիվ գործունեությամբ, մասնակցել տարբեր սեմինարների, մոդելային պայմանագրեր, ֆոտոսեսիաներ և այլն: Ես մշտապես նայել եմ այս մրցույթը:
Երազել եմ մասակցել միշտ: 2019 թվականին գրեցի կազմակերպության մեյլին, որ Հայաստանը երբևիցե չի մասնակցել այս ձևաչափի մրցույթի, բայց պատրաստ չէի դեռ այն ժամանակ, ուղղակի ուզում էի ճշտել զուտ, որպեսզի մի օր երբ պատրաստ լինեմ, դիմեմ: Հույս էլ չունեի, որ կպատասխանեն, չպատասխանեցին տարիներ շարունակ: Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին, ես նամակ ստացա ինստագրամի էջիս:
Շոկ ապրեցի, բացեցի նամակը, որտեղ գրված էր, որ իմ հեռախոսահամարն են ուզում, որպեսզի կապ հաստատեն ինձ հետ: Հարցեր ուղղեցին, ներկայացրին մանրամասներ և ասացին, որ մեծ պատիվ կլինի առաջին անգամ Հայաստանից մասնակից ունենալը: Չէի հավատում, որ այսպես կարող է միանգամից` չորս տարի անց իմ երազանքը կատարվել` մեկ րոպեում: Ամեն բան պետք է անել խոր գիտակցումով, ոչ միայն մարմնի առանձնահատկությունները պետք է ցուցադրել, այլև պետք է բարձրաձայնել Հայաստանում լիքը խնդիրների, երևույթների մասին, ինչը կարող է օգուտ բերել Հայաստանին, ԼԳԲՏ անձանց, հանրության լայն շերտերին և այլն: Ստացվում է, որ ես այսօր հաճելին օգտակարի հետ եմ համատեղում:
Ուզի թե չուզի հասարակությունը գալու է մի օր, երբ հաշվի է նստելու այս ամենի հետ: Մենք չենք անում մի բան, որը օրենքի տեսանկյունից սխալ է: Թող ոչ ոք իրեն Աստծո տեղը չդնի, թող մեզ դատի Աստված: Հասարակությունը կարող է չողջունել երևույթը, բայց չունի իրավունք փոքր շերտերին խտրականացնելու, սահմանափակելու, առավել ևս` դատելու: Մեր կողմնորոշումը մեր անձնական կյանքում է, մեր անկողնու մեջ, ոչ մի քաղաքացու չպետք է դա հետաքրքրի: Իսկ նրանք, ովքեր հետաքրքրվում են դրանով, հասարակությանն աղբը հենց իրենք են, ոչ թե մենք: Նրանք պետք է փոխեն իրենց տգետ մտածողությունը, որովհետև նրանք են հանրությանը դարձնում տկար: Այնքան խնդիրներ կան այս երկրում, թող զբաղվեն դրանցով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում