Շոու-բիզնեսԺամանց

Հասմիկ Կարապետյանը՝ երկրորդ անգամ մայրանալու և իր դստեր՝ Տաթևի մասին (Լուսանկարներ)

Ամիսներ առաջ Հասմիկ Կարապետյանը երկարատև երաժշտական դադարից հետո ներկայացրեց իր նոր՝ «Իմ Տաթև» տեսահոլովակը, որը նվիրված է երգչուհու դստերը:

Զրուցել ենք Հասմիկի հետ՝ տվյալ տեսահոլովակի, ներկայիս զբաղվածության և այլ թեմաների մասին:

Հասմիկ Կարապետյան

Երգչուհին մեզ հետ զրույցում պատմեց, որ թեև «Իմ Տաթև » տեսահոլովակը նոր գործունեության սկիզբ էր իր համար, բայց այս պահին դեռ չի պատրաստվում որևէ նոր ստեղծագործություն ներկայացնել.

«Ցավոք, այս պահին որևէ նոր ստեղծագործության վրա չեմ աշխատում, քանի որ զբաղված եմ իմ բալիկով: Տաթևը մի փոքր յուրահատուկ է իր տեսակով, նրա հետ պետք է անընդհատ զբաղվել: Սա, կարծում եմ, շատ նորմալ է, որովհետև նրա խնամքով հիմնականում ես եմ զբաղվում, ինչի արդյունքում ստեղծագործելու և նոր աշխատանքներ ներկայացնելու ժամանակ չի մնում »,- պատմեց երգչուհին:

Հասմիկ Կարապետյան

Վերջինիս խոսքով՝ սա իր համար հանգստի ժամանակաշրջան չէ, այլ՝ բուռն աշխատանքային, բայց երեխայի հետ կապված.

«Ինձ և Տաթևին միացավ նաև ամուսինս, և այս պահին մենք երկուսով մեծացնում ենք մեր դստերը: Կրկին Կանադա մեկնելու միտք մեզ մոտ չկա, դեռ շարունակելու ենք մնալ այստեղ՝ Հայաստանում »,- նշեց Հասմիկ Կարապետյանը և ավելացրեց, որ այս ամենով հանդերձ շատ կարոտում է բուռն աշխատանքային գործունեություն ծավալելուն և նոր նախագծերում ներգրաված լինելուն:

Հասմիկ Կարապետյան

Հարցին՝ արդյո՞ք առաջարկներ կան նախագծերում մասնակցություն ունենալու, երգչուհին պատասխանեց.

«Այս պահին, կարծում եմ, երգարվեստում փոքր-ինչ պասիվ շրջան է, հատկապես իմ ոճով ստեղծագործողների համար, ովքեր չեն ներկայացնում հայկական պարային երաժշտություն: Այս դեպքում հրավերները, որպես այդպիսին, քչանում են, քանի որ առաջ է գալիս հանրության ճաշակը բավարարելու հարցը: Ես ունեմ իմ լսարանը, որը չի պակասում:

Երկրպագուներս ինձանից միշտ են սպասում նոր ստեղծագործությունների, թեև շեշտեմ, որ շատ ըմբռնումով են մոտենում այն փաստին, որ ես բացի երգչուհի լինելուց նաև մայր եմ»,- նկատեց Հասմիկը:

Վերջինս անդրադարձավ նաև «Իմ Տաթև » տեսահոլովակի արձագանքներին.

«Ի ուրախություն ինձ՝ արձագանքները շատ դրական էին: Մարդիկ հիմնականում արձագանքում էին հենց երգին, քանի որ այն մայրության թեմայով էր: Պետք է ասեմ, որ սպասումներս արդարացան, քանի որ կային մարդիկ, որ մինչ այս տեսահոլովակը այդքան էլ հետաքրքրված չէին իմ երգարվեստով, սակայն այս աշխատանքից հետո նրանց մոտ հետաքրքրություն առաջացավ որպես ստեղծագործող ինձ ավելի լավ ճանաչել »,- ասաց Հասմիկ Կարապետյանը:

Հասմիկ Կարապետյան

Իսկ զրույցի վերջում հետաքրքրվելով, թե արդյո՞ք երգչուհին չի պատրաստվում մոտ ապագայում կրկին մայրանալ, Հասմիկը նշեց.

«Այս պահին դրությամբ ընդհանրապես ցանկություն չունեմ, քանի որ դուստրս շատ ակտիվ և խելացի է, իսկ նման երեխայի հետ պետք է անդադար զբաղվել: Ոչ ֆիզիկապես, ոչ էլ հոգեպես դեռ պատրաստ չեմ երկրորդ երեխայի, թեև նաև հասկանում եմ, որ իմ կողմից նման միտք ունենալը շատ լավ կլինր,- ասաց երգչուհի Հասմիկ Կարապետյանը:

Կիսվել