Մամուլ

Հաջորդ հրաժարականը պետք է ներկայացնի Արտակ Զեյնալյանը․ Արման Բաբաջանյան

Հաջորդ հրաժարականը պետք է ներկայացնի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին անպայման պետք է հետևեն ԲԴԽ անդամների հրաժարականները։ ԲԴ խորհրդի ներկա կազմը չի կարող սպասարկել Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերներին։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի հրաժարականը գուցե ավելի կարեւոր է, քան նրա եղբոր՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։

Արզուման Հարությունյանի հրաժարականը կապված է մեր երկրի արդի անվտանգային ներքին եւ արտաքին սպառնալիքների եւ Արզուման Հարությունյանի անհամատեղելիության հետ։ Հավատանք, որ գործընթացն անցնցում շարունակություն կունենա։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը պետք է լինի դատարանի նախագահի պաշտոնից հաջորդ հրաժարվողը։

Հաջորդ հրաժարականը պետք է ներկայացնի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը ձախողել է անցումային արդարադատության եւ դրա գործիքներից մեկի՝ վեթինգի կիրառման անհետաձգելի գործարկման անհրաժեշտ աշխատանքը։

Արտակ Զեյնալյանի անձնական մտերմությունը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ եւ նրա իմացական կարողությունները հույս չեն ներշնչում, որ նախարարը ընդունակ է իրականացնել Հայաստանի համար գերկարեւոր այս առաջնահերթ աշխատանքի իր բաժինը»:

Կիսվել