Մամուլ

Հանրային տրանսպորտից օգտվող 354 քաղաքացի տուգանվել է

Հանրային տրանսպորտից օգտվելու ու չվճարելու համար տուգանվել է 354 քաղաքացի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։ Նրա խոսքով՝ 5 տուգանք էլ բեկանվել է։

«Տուգանված 354 քաղաքացիներից 227-ն առանց տոմս երթևեկելու համար են տուգանվել, 48 քաղաքացի օգտվել է այլ անձի արտոնություն ունեցող քարտերից, 79-ը վճարումը կատարել է ծառայության աշխատակիցների՝ ստուգումից անմիջապես հետո կատարված հորդորներից հետո»,–շարունակեց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց բողոքարկման կարգից, մասնավորապես այն դեպքերում, երբ քաղաքացին պնդում է, որ «ԱրՔա» համակարգը չի աշխատել, տեխնիկական խնդիր է եղել։

«Տեղում կապվում ենք Երևան քաղաքի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի հետ, մեզ մոտ վճարումները ցույց է տալիս՝ քաղաքացին վճարումը կատարել է, թե ոչ։ Եթե քաղաքացին վճարել է, տուգանքն անմիջապես բեկանում ենք»,– պատասխանեց Ավետ Բաբայանը։

Ավինյանը նշեց, որ բողոքարկման գործիքները բավարար չեն և հորդորեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին փաթեթով ներկայացնել բողոքարկման կարգը։