«Հանգստյան օրը» դերասան Դավիթ Գրիգորյանի ընտանիքում. ֆոտոշարք
«Հանգստյան օրը» դերասան Դավիթ Գրիգորյանի ընտանիքում: Բարի լո՞ւյս, բարի գիշե՞ր, թե՞ բարի կեսգիշեր՝ ամենն իրար է խառնվել հաղորդավար, դերասան Դավիթ Գրիգորյանի եւ դրամաշնորհների կառավարիչ Մանուշակ Ալավերդյանի ընտանիքում: Նրանց առօրյան գլխիվայր շուռ եկավ, երբ ծնվեցին Լունան եւ Սիենան: Զույգ դուստրերն, ամբողջովին փոխելով ծնողների կյանքը, այսօր թելադրում են իրենց ցանկություններն ու ժամային գրաֆիկները եւ ստիպում ժպիտով ու հնազանդորեն ենթարկվել այդ աննման ռեժիմին:):
BRAVO.am-ն իր նոր խորագրի շրջանակում հյուրընկալվել է նրանց բնակարանում, ծանոթացել փոքրիկների հետ, Դավիթից ու Մանուշակից հետաքրքրվել իրենց առօրյայով եւ համեղ սուրճ խմել: «Հանգստյան օրը» դերասան Դավիթ Գրիգորյանի ընտանիքում։
Մեր այցի ընթացքում աղջիկները հասցրին ջրով լի ծաղկամանը գցել, սուրճով լի բաժակը շուռ տալ եւ բոլորիս անդադար վազվզոցի մեջ պահել՝ այդ կերպ ապահովելով անսահման դրական եւ ուրախ լուսանկարահանում:
Անցնելով երկարուձիգ ճանապարհ, ունենալով 4 տարվա ամուսնական կյանք՝ այսօր ամուսիններն ապրում են իրենց առանձին տանը, որն էլ տարբերվում է հայկական ավանդական շատուշատ բնակարաններից: Ի դեպ, սկսած տան նախագծումից մինչեւ վերանորոգում եւ կահավորանք՝ Դավիթն ու Մանուշակն արել են միասին:
Դերասանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք չգիտեն, թե որն է իսկական բարի լույսն իրենց համար՝ ժամը չո՞րսը, վե՞ցը, թե՞ անգամ երբեմն երեքը: Իսկ լույսը բացվելուն պես ծնողներն արագ սկսում են կաթ պատրաստել, իսկ ուղիղ ժամը 9-ին փոքրիկներին հանձնելով դայակի խնամքին` շտապում աշխատանքի:
«Որպես կանոն՝ կանայք տնից դուրս գալիս բավական երկար են պատրաստվում, իսկ այ, իմ կինն արդեն վարժվել է ամենավերջին 5 րոպեում շատ արագ հագնվել ու լրիվ պատրաստ ինձ հետ դուրս գալ. նրա արագությանն, իհարկե, բալիկներն են նպաստել»,- ժպիտով նշում է Դավիթն ու հավելում.«Մինչ բոլորս կպատրաստվենք, եւ դայակը կգա, հասցնում եմ 1 կամ երբեմն նույնիսկ 2 բաժակ սուրճ վայելել, իսկ Մանուշակը սուրճ չի խմում»:
Դավիթի կինը` Մանուշակը, երեխաների ծննդից հետո շատ շուտ վերադարձել է իր աշխատանքին, գիտակ եւ աշխույժ մայրիկ է.«Դայակի օգնությամբ հասցնում եմ պատրաստել նրանց ճաշիկներն՝ ըստ կարգուկանոնի: Ամեն օր թղթի վրա նույնիսկ նրանց ճաշացանկը գրված է լինում: Դայակը շատ հոգատար եւ հարազատ մարդ է, վստահում ենք լիովին, իսկ նա էլ ամեն բան անում է այնպես, ինչպես ես եմ ուզում»,- պատմում է նա ու հավելում, որ օրվա վերջում, երբ ինքն ու ամուսինը փորձում են միասին թեյ խմել, խորամանկ աղջիկները հասկանում են, որ ծնողներն առանց իրենց են ժամանակ անցկացնում, եւ թույլ չեն տալիս. միանգամից լացում են ու կանչում:):
Թեեւ Դավիթի մայրիկը բնակվում է անմիջապես նրանց հարեւանությամբ եւ միշտ պատրաստ է երեխաների խնամքով զբաղվել, որդին այնքան էլ կողմ չէ դրան.«Միշտ մտածում եմ, որ մեր ծնողները մեզ պահել ու մեծացրել են, այն էլ՝ բավական բարդ ժամանակահատվածում, այժմ նրանց հանգստի ժամանակն է, եւ որքան էլ մայրս պայքարում է, որ պահի ու խնամի երեխաներիս, թույլ չեմ տալիս, որ շատ հոգնի»:
Իսկ հանգստյան օրերը Դավիթի եւ Մանուշակի համար կրկին շատ խառն են անցնում.«Եթե աշխատանքային ծանրաբեռնվածություն չենք ունենում, փորձում ենք տնից դուրս գալ, զբոսնել: Մանուշակը շատ է տխրում, երբ որեւէ սրճարանում մեր աղջիկները սկսում են լացել կամ անհանգիստ լինել՝ խանգարելով մյուսների հանգիստը»,-նշում է նա, իսկ Մանուշակն էլ իր հերթին հաստատում.«Այո, կարծում եմ՝ եթե մարդիկ իրենց ժամանակը նախընտրել են այդտեղ անցկացնել ու հանգստանալ, ուրեմն անհարմար է, երբ երեխաները խանգարում են: Սակայն վերջերս, ի ուրախություն մեզ, բալիկները շուրջ 40 րոպե հանգիստ քնեցին դրսում, եւ մենք պարզապես վայելեցինք սրճարանում հանգիստ սուրճ խմելու հաճույքը»:
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։