Հանգիստ եղեք, մենք վաղը շատ նորմալ մեր նիստը կանենք․ Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանն իր օրակարգն ունի, որը կեղծ է, իշխանությունն ունի օրակարգ, որը բխում է ժողովրդի կամքից, ապրիլի 2-ի ընտրություններից։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ 2017-ի ապրիլի 2-ին ժողովրդավարական և լեգիտիմ ընտրությունների արդյունքում որոշեց՝ որ քաղաքական ուժերն իրավունք ունեն կազմել կառավարություն մինչև 2022 թվականը։
Ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղն է որոշվում՝ ով է ընդդիմություն, ով է իշխանություն։ Ժողովուրդն արդեն որոշել է մինչև 2022թվականը, և մենք պետք է իրականացնենք այն, ինչ գրված է Սահմանադրությամբ։ Սա իշխանության կամ ընդդիմության ցանկությունը չէ, սա սահմանադրական նորմ է, որը ցանկացած ժողովրդավարական երկրի իշխանություն և ընդդիմություն պետք է իրականացնեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Հարցին՝ իշխանությունը չի վերանայի՞ իր որոշումը՝ հաշվի առնելով հանրային ընդվզումը, իշխանությունը անհանգստացած չէ՞, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իշխանությունն անհանգստացած չէ, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով պիկետներ և հանրահավաքներ իրականացնել, իսկ բոլոր այն գործողությունները, որոնք կլինեն սահմանադրության և օրենսդրության սահմաններում նորմալ է, բոլոր այն գործողությունները, որոնք կհակասեն սահմանադրությանն ու օրենսդրությանը, աննորմալ են և հակասում են օրենքին։
«Հայաստանը Նովգորոդի վետեն չէ, որ ով բարձր գոռա, նա էլ որոշի։ Վաղն էլ ընդամենը լինելու է արձանագրություն։ Արձանագրվելու է այն, ինչ եղել է ապրիլի 2-ին, հակառակ դեպքում ընտրությունների իմաստը ո՞րն է։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ՀՀ քաղաքացիների մի մասը մեզ չի ընտրել, մի մասը ընտրել է այլ կուսակցությունների, ամեն մեկը կարող է ունենալ իր կողմնակիցներին։ Միայն այն, որ այդ մարդուն իր խմբակցության մյուս երկու կուսակցությունները չմիացան, արդեն բավարար է փաստելու, որ սա կեղծ օրակարգ է»,-ասաց նա։
Արդյոք ոստիկանությունը բռնի ուժի կդիմի՞, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ոստիկանությունը նրա համար է, որ պահպանի հասարակական կարգը։
Հարցին՝ մտահոգություն չունե՞ք, որ վաղը պատգամավորները ԱԺ շենք չեն կարող հասնել, արձագանքեց․
«Հանգիստ եղեք, մենք վաղը շատ նորմալ մեր նիստը կանենք»։
ԱԺ-ո՞ւմ, թե մեկ այլ վայրում՝ հաշվի առնելով խորհրդի նիստը Ծաղկաձոր տեղափոխելը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց»․ Բայց ինչի՞ պետք է փոխենք։ Ծաղկաձորի մասիւն նիստի որոշումը եղել է այն ժամանակ, երբ հայտյնի գործիչներից մեկը իր թիմով ճեմում էր տարբեր մայրուղիներով»։