Հայ մարզիկները հայտնվեցին Գինեսի գրքում, նրան հայ Բրյուս Լի են ասում
Հայ մարզիկները հայտնվեցին Գինեսի գրքում, նրան հայ Բրյուս Լի են ասում: Որովայնի վարժություն` մինչև մկանները «պատռվեն», ցատկով կքանիստ կամ հենում-ծալում մեկ մատի վրա։ Հայաստանցի մարզիկներ Մանվել Մամոյանի ու Ահարոն Վիրաբյանի համար (նրան հայ Բրյուս Լի են ասում) սրանք սովորական բաներ են, ամենօրյա աշխատանք։ Տղաներն այսօր ապրում են Մոսկվայում, բայց ռեկորդները սահմանում են` ի փառս Ռուսաստանի ու Հայաստանի։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց մարզիկ Մանվել Մամոյանը։
Մամոյանը ծնվել է Երևանում 1993 թվականին։ Սպորտի հանդեպ սերը դեռ մանկության տարիներին է արթնացել։ Սկսել է մարզվել տասը տարեկանից, երբ սկսել է ձյոդոյի մարզումների հաճախել։ Ավարտել է դպրոցն ու որոշ ժամանակ աշխատել Ռուսաստանի առևտրի կենտրոններից մեկում, հետո Հայաստան է վերադարձել և սահմանել առաջին ռեկորդը։
«Իմ սահմանած առաջին ռեկորդը «Դյուցազնագրքում» ներառվեց։ Արտակորում դեպի առաջ վարժությամբ ռեկորդ սահմանեցի, երբ 2 ժամ 46 րոպեի ընթացքում 3 հազար 515 անգամ վարժություն արեցի», – ասաց Մամոյանը։
Արդեն 2015 թվականին նա սահմանեց Գինեսի գրքում ներառված իր առաջին ռեկորդը։ Մեկ րոպեում 27 ուղղահայաց հենում–ծալում արեց։ Գինեսի ռեկորդների գրքում ներառված հաջորդ ռեկորդը թռիչքներով կքանիստն էր` 1 րոպեի ընթացքում 67 անգամ։
Մամոյանը Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցված երեք ռեկորդ է սահմանել։ Այս պահին ևս հինգ հայտ ուսումնասիրվում են, իսկ մարզիկ Ահարոն Վիրաբյանը ևս երեք հայտ է ուղարկել։
Տղաները չեն կասկածում, որ իրենց ռեկորդները կճանաչեն ու կներառեն Գինեսի գրքում։ Ի դեպ, Ահարոնը Ռուսաստանում հայտնի է հայ Բրյուս Լի մականունով։
«Նրանք սկսեցին այդպես անվանել այն բանից հետո, երբ Ահարոնը գերազանցեց Բրյուս Լիի` երկու մատների վրա հենում–ծալումի ռեկորդը», – ասաց Մամոյանը։
Մամոյանն ու Վիրաբյանն այսօր հիմնականում Ռուսաստանում են ապրում։ Նրանք կարծում են, որ այնտեղ նրանց մարզաձևն ավելի մեծ հեռանկարներ ունի։ Այսօր տղաները ստեղծել են Danger Workout խումբն ու ելույթ են ունենալու այդ տարբերանշանով։
Հարցին` ինչ կարիք կար խումբ ստեղծելու, Մամոյանը պարզաբանեց, որ կան թիմային մրցաշարեր, որտեղ միայնակ մարզիկները չեն կարող մասնակցել։ Այսուհետ բոլոր ռեկորդները սահմանվելու են նրանց թիմի տարբերանշանի տակ։
Աղբյուր՝ armeniasputnik.am