Մամուլ

Հայ բժիշկների հերթական բացառիկ վիրահատությունը․ 7 ժամանոց վիրահատությամբ հավաքել են կոտրված գանգը

Հայ բժիշկների հերթական բացառիկ վիրահատությունը։ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում օրերս հերթական բարդ վիրահատությունն է իրականացվել, որը տևել է 7 ժամ։ Այս մասին հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը։

Հիվանդը հուլիսի 17-ին ենթարկվել էր ավտովթարի, ինչի հետևանքով ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք՝ համակցված դիմային գանգի միջին և վերին երկրորդական բոլոր ոսկրերի մանր բազմաբեկոր կոտրվածքներով, բեկորների զգալի տեղաշարժով: Նա երեք շաբաթ անցկացրել է հանրապետության բազմապրոֆիլ հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։

Ներգանգային արյունազեղումներից հետո հիվանդը տեղափոխվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց՝ դիմային գանգի կոտրվածքների հնարավոր վերականգնման նպատակով:

«Օրեր առաջ կատարվել է վիրահատություն. դիմային գանգի բազմաթիվ կոտրվածքների օստեոսինթեզ՝ տիտանե թիթեղներով (վիրահատություն, որի ժամանակ կատարվում է կոտրված բեկորների վերատեղադրում, մնացորդային բեկորների հեռացում և ֆիքսում)։

Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել։ Ներկայում հիվանդը գտնվում է տանը հետվիրահատական փուլում։»,-հայտնել է ԵՊԲՀ Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանը։

Կիսվել