Հայ բժիշկը փրկել է 1 տարեկան երեխայի կյանքը՝ հեռացնելով կերակրափողում մնացած մետաղյա բանալին
Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքի հիվանդանոցում աշխատող հայ բժիշկ Դավիթ Շահինյանը փրկել է 1 տարեկան երեխայի կյանքը։ Երեխան պատահաբար կուլ էր տվել մետաղյա բանալի, որը խցանվել էր կերակրափողում։ Բժիշկ Շահինյանը բարդ վիրահատության միջոցով հաջողությամբ հեռացրել է օտար մարմինը՝ կանխելով հնարավոր լուրջ բարդությունները։
Bavnews.am-ին մի քանի մանրամասներ է հաջողվել պարզել դեպքի հետ կապված։
Երեխայի կերակրափողից փոքր առարկան հանելու համար կիրառվել է ուլտրաբարակ մանկական էնդոսկոպ:
Սկզբում հայ բժիշկը բանալին իջեցրել է ստամոքսի մեջ, որովհետև այնտեղ ավելի հեշտ էր բռնել այն, ինչից հետո զգուշորեն հանել է, ինչն էլ հենց բարդություններ է առաջացրել: Սա պետք էր հնարավորինս զգույշ անել՝ կերակրափողը չվնասելու համար:
Ինչպես նշում են մասնագետները, նման վիրահատությունները պահանջում են բարձր պորֆեսիոնալիզմ: Այդպես, անեսթեզիոլոգը պետք է ոսկերչի հստակությամբ հաշվարկի անեսթեզիայի չափաբաժինը, որովհետև չնչին տատանումները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների: Սակայն, ի ուրախություն բոլորի, ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:
Նման դեպքերը ապացուցում են, որ հայ բժշկությունը, որը դարերի ընթացքում ձևավորվել է հիմնված հումանիզմի և գիտելիքների վրա, շարունակում է բարձրակարգ մասնագետներ պատրաստել, որոնք պատրաստ են փրկել մարդկային կյանքեր։
Դավիթ Շահինյանի նման բժիշկների հաջողության հիմքում ընկած են տարիների վաստակը, որով նա փրկել է բազմաթիվ կյանքեր։
Այսպիսի պատմություններ ոչ միայն հպարտություն են առաջացնում հայության մեջ, այլև դառնում են հայ բժշկության լավ անունի տարածման լավագույն միջոց։ Աշխարհի տարբեր երկրներում աշխատող հայ մասնագետները կարևոր դեր են խաղում Հայաստանի բժշկական ոլորտի նկատմամբ վստահության ամրապնդման գործում։