Շոու-բիզնես

Հայ աղջիկ, որը մեծացել է իրանական ընտանիքում՝ մտածելով, որ պարսկուհի է, գալիս է Հայաստան, սկսվում է պատմությունը

Հայ աղջիկ, որը մեծացել է իրանական ընտանիքում՝ մտածելով, որ ինքը պարսկուհի է, դավանում է Իսլամ, սակայն աշխատանքի առաջարկով գալիս է Հայաստան, ինչից էլ  սկսվում է պատմությունը. ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր նախագիծը՝ «Շիրազի Վարդը», շուտով կլինի «Արմենիա Պրեմիումի» և «Արմենիա TV»-ի եթերում:

Tert.am Life-ը ներկա է եղել նոր նախագծի նկարահանումներին, ներկայացնում է բեքսթեյջ լուսանկարներն ու առաջին մանրամասները:

Ելենա Արշակյանը պատմեց, որ նախագծի գաղափարը ծնվել է իրական պատմություններ լսելուց հետո, սակայն հեռուստասերիալի զարգացումները մշակվել են սցենարիստ Անահիտ Մխիթարյանի կողմից:

Հեռուստասերիալ

«Մոտ 2 տարի առաջ լսեցի մի պատմություն, որը բավականին մեծ արձագանք ստացավ. «Սպասիր ինձ» հաղորդման ժամանակ պատմությունն այն մասին էր, որ հայ ընտանիքը որդեգրել էր ադրբեջանցի մի երեխայի, հետագայում ադրբեջանցի ծնողները փորձել էին գտնել այդ երեխային: Այդ պատմությունը բավականին մեծ նստվածք էր տվել իմ մեջ: Հետագայում նմանատիպ պատմություններ էլի լսեցի: Իմ նախագծերի ռեժիսորը՝ Քաջայր Հակոբյանը, բավականին երկար ժամանակ ապրել է Իրանում՝ Թեհրանում:

Նա էլ պատմեց մի պատմություն, թե ինչպես է պարսկական ընտանիքը որդեգրել հայ տղայի: Նա հիմա բավականին հայտնի բիզնեսմեն է, ապրում է Միացյալ Նահանգներում: Կստեմ, եթե ասեմ, որ ամբողջությամբ վերցրել ենք  իրական պատմությունը, բայց այդ ամենն ինձ շատ էր տպավորել: Անընդհատ մտածում էի՝ ինչ է զգում այն երեխան, որը մեծացել է այլ ընտանիքում, հետո իմանում է, որ ինքն այլ ազգի ու կրոնի ներկայացուցիչ է, ի՞նչ կզգայի ես, եթե նման իրավիճակում հայտնվեի: Հասկանում էի, որ հայտնվում եմ փակուղում: Բավականին ռիսկային նախագիծ ենք սկսում: Եթե շատ անկեղծ լինեմ, չգիտեմ, թե ինչ արձագանք կլինի հանրության կողմից»,- պատմեց Ելենան:

Հեռուստասերիալ

Պրոդյուսերը նշեց, որ վերնագրի ընտրությունը՝ «Շիրազի Վարդը», իրականում շատ պարզ է՝  Շիրազը քաղաք է Իրանում, Վարդը հերոսուհու անունն է: «Վերնագրեր ընտրելիս երբեք չենք փորձում ստանալ բարդ ու անհասկանալի մտքեր: Ամեն ինչ պարզության մեջ է գեղեցիկ»,- ասաց նա:

Ֆիլմի հերոսուհուն մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Էլեն Սարգսյանը, որը լսարանին հայտնի է «Անհայտ բաժանորդ» ֆիլմում ունեցած փոքրիկ դերակատարմամբ, «Վերջին ուսուցիչը» նախագծում Մարիի կերպարով:

«Էլենի կողմից զգացի սրտի այն թրթիռը, որը կարող էր ունենալ մեր հերոսուհին: Այդ իսկ պատճառով դերը վստահեցի իրեն: Իր համար շատ դժվար է, քանի որ բավականին մեծ  տեքստեր սովորում է ասել պարսկերեն: Նա աշխատում է հնչողության վրա, միաժամանակ, պահում է հույզերը: Շատ դժվար է ոչ միայն իր, այլև բոլոր այն հայ դերասանների համար, որոնք կադրում խոսում են պարսկերեն, սակայն ի պատիվ իրենց՝ պատասխանատվության տակից կարողանում են դուրս գալ: Քանի որ նախագծի ռեժիսոր Քաջայրն իրանահայ է, բավականին օգնում է լեզվական, թարգմանչական հարցերով»,- ասաց Ելենան ու հավելեց, որ իրանական մշակույթը ճիշտ ներկայացնելու համար խորհրդատուներ ունեն, համագործակցում են Իրանի դեսպանատան հետ: Ֆիլմում նկարահանվել են նաև իրանցի դերասաններ:

Հեռուստասերիալ

«Սա մեր 20-րդ նախագիծն է և կարող եմ ասել, որ սա ուրիշ նախագիծ է: Չեմ ասում՝ լավն է կամ վատը, որակում տալ չեմ կարող, բայց այն, որ հայկական սերիալարտադրության մեջ չի եղել այսպիսի նախագիծ, վստահ կարող եմ ասել: Շատ ռիսկային քայլի ենք գնացել: Նկարահանումները սկսել ենք նախորդ տարի, ոչ միայն Հայաստանում, այլև Իրանի տարբեր քաղաքներում՝ Շիրազում, Թեհրանում ենք նկարահանումներ իրականացրել: Շատ գեղեցիկ, գունեղ, առաջին հերթին՝ ինձ համար արտասովոր նկարահանումներ ենք ունեցել: Այն առաջին հայկական սերիալն է, որը կհեռարձակվի 4K որակով, այդ որակով հասանելի կլինի միայն «Արմենիա Պրեմիում»-ի հեռուստադիտողների համար»,- ասաց նա:

Հեռուստասերիալում խաղում են Անի Երանյանը, Դավիթ Մարդյանը, Սիսիան Սեփանյանը, Սամվել Սարգսյանը, Իրինա Հարությունյանը, Օլյա Հակոբյանն ու այլ դերասաններ:

Հեռուստասերիալ

Խոսելով դերասանական կազմի մասին՝ պրոդյուսերն ասաց. «Հիմնական կազմի հետ առաջին անգամ եմ աշխատում: Ես չեմ կարող սկսել նոր նախագիծ ու չանդրադառնալ նոր դեմքերի: Էկրանին կտեսնեք երիտասարդ դերասանների, բոլորովին նոր դեմքերի, որոնց կողքին էկրան կվերադառնան սիրված դերասաններ, որոնք երկար ժամանակ է՝ դադար ունեին: Նրանցից է Անի Երանյանը: Կտեսնենք մարդկանց, որոնք նկարահանվել են հեռուստասերիալներում, բայց տևական ժամանակ է՝ եթերում չեն եղել, իրենցից է Դավիթ Մարդյանը,- ասաց Ելենան ու ոգևորությամբ հավելեց,- Ես ավարտել եմ Թատերական ինստիտուտը՝ Հրաչ Վահագնիչի (ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի) արվեստանոցը, որը ժամանակին Թատերական ինստիտուտի ռեկտորն էր: Ուրախ եմ, որ իմ վարպետը ևս այստեղ ներգրավված կլինի: Երկար բանակցություններից հետո համոզեցի վարպետիս մարմնավորել կերպարներից մեկը»:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել