Հայրը 10-ամյա որդու դոնորն է դարձել. Հայաստանում երեխայի լյարդի առաջին փոխպատվաստումը հաջող է անցել
Հայրը 10-ամյա որդու դոնորն է դարձել. Հայաստանում երեխայի լյարդի առաջին փոխպատվաստումը հաջող է անցել։
Հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել է Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումը անչափահաս պացիենտին։ Ինչպես լրագրողներին հայտնեց բուժկենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, պացիենտը 10 տարեկան 8 ամսական է։ Նա տառապում է լյարդի բնածին ֆիբրոզով՝ վտանգավոր հիվանդություն, որն առանց լյարդի փոխպատվաստման կսպաներ նրան առաջիկա ամիսներին։ Դոնոր է դարձել հայրը 10-ամյա որդու համար և նրան է տվել իր լյարդի մի մասը։
Վիրահատությունը տեւել է մոտ 14,5 ժամ, աշխատել է 22 մասնագետից բաղկացած խումբ, որոնցից 7-ը Հայաստան է եկել Բելառուսից, երկիր, որտեղ շատ զարգացած է տրանսպլանտոլոգիան։ Նրանք վիրահատությունն իրականացրել են հայ մասնագետների հետ համատեղ՝ նրանց սովորեցնելով եւ կիսելով իրենց փորձը։
Ինչպես իր հերթին նշեց պրոֆեսոր Օլեգ Ռումոն (Բելառուս), վիրահատությունը հաջող է անցել, եւ հիմա թե՛ դոնորը, թե՛ ռեցիպիենտը վերականգնվում են։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։
Նրա խոսքով՝ լյարդի փոխպատվաստումը ամենաբարդ փոխպատվաստումներից է, եւ դրա հաջող իրականացման համար անհրաժեշտ է բուժանձնակազմի պատրաստության լավ մակարդակ. բավական չէ մասնագետ հրավիրել արտերկրից, չէ՞ որ նա մենակ ոչինչ չի կարող անել։
Մասնագետների խոսքով՝ առայժմ դժվար է ասել, թե ինչպես կընթանան 10-ամյա պացիենտի գործերը վերականգնվելուց հետո։ Բայց մի բան կարելի է հաստատ ասել. առանց վիրահատության նրան մահ էր սպասվում, իսկ վիրահատությունը նրան նորմալ կյանքի բավական լավ շանսեր տվեց։
Ինչպես նշեց Արա Բաբլոյանը, վերջերս «Արաբկիր» ԲԿ-ում զննել են 3 ամսական պացիենտի բնածին հիվանդությամբ, որին նույնպես լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ։ Առայժմ նրան աջակցում են, որպեսզի մի քիչ մեծանա ու քաշ հավաքի։ Երբ փոքրիկը 8 կիլոգրամ դառնա (հիմա 6 կիլոգրամ է), նրան նույնպես լյարդի փոխպատվաստում կկատարեն։
Հիշեցնենք, որ Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումը մեծահասակ պացիենտին կատարվել է մի քանի ամիս առաջ «Աստղիկ» ԲԿ-ում։
Աղբյուր՝ news.am