Հայրը չի կարողացել փրկել որդուն․ ջրամբարում խեղդված երիտասարդը 5 անչափահաս երեխա ուներ
Oragir.News-ի հետ զրույցում Լուսաղբյուր գյուղի վարչական ղեկավար Վոլոդյա Պոլոյանը մանարասներ ներկայացրեց դեպքի վերաբերյալ։
«Մեր գյուղից չի եղել։ Եթե չեմ սխալվում՝ գյումրեցի է եղել։ Հայրը և որդին միասին են եղել։ Տղան սայթաքել է և ընկել ջուրը։ Ջուրը, երևի, սառն է եղել։ Չի դիմացել այդ սառնությանը, հնարավոր է՝ մկաններն են բռնվել կամ ինքնազգացողությունը վատացել է, ու չի կարողացել լողալ»,- ասաց նա։
Պոլոյանը նշեց նաև, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ անձրևային և ցուրտ եղանակին։ «Սմավերդի» լիճը ձկնորսության հայտնի վայր է, որտեղ երբեմն մի քանի հարյուր մարդ է գալիս ձուկ որսալու նպատակով։
«Ասում են՝ ողջ գիշեր ձկնորսությամբ է զբաղվել, երևի՝ հոգնած է եղել։ Արդեն առավոտյան քայլելով գնացել է տուն, հայրը եկել է հետևից։ Ոտքը սայթաքել է, ու հենց ամենախորը հատվածում է ընկել ջուրը։ Հայրը ոչինչ չի կարողացել անել, փորձել է ձգվել, օգնել, բայց չի հասցրել»,- նշեց նա։
Վարչական ղեկավարը հավելեց, որ ջրասույզ եղած տղամարդը 5 անչափահաս երեխայի հայր էր։ Ինքն անձամբ գյուղացիների հետ գնացել է դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու, սակայն, իր խոսքով՝ անզոր են եղել՝ մինչև ջրասուզակների ժամանումը։ Մարդու դին հայտնաբերվել և դուրս է բերվել մի քանի ժամ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում։