Մամուլ

Հայտնի է ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով որքան գումար կծախսվի

Երևանի ամանորյա տոնական միջոցառումների և ձևավորման այս տարվա բյուջեն կազմել է 607 միլիոն 645 հազար դրամ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Երևանի տարբեր հատվածներում արվելու են տոնական ձևավորումներ, լույսերի վառման արարողություններ։ Լինելու է սուրբծննդյան տոնավաճառ, ինչպես նաև ձեռք են բերվելու գլխավոր տոնածառի համար նոր ճյուղեր և լույսեր։

«Մեր մայր տոնածառի կոնստրուկտիվ, մետաղական մասը նորմալ վիճակում է, անհրաժեշտություն է առաջացել ուղղակի ճյուղերն ու լույսերը փոխել։ Վարչական շրջաններում տեղադրվող 10 տոնածառերի համար նոր լույսեր ու գագաթներ են ձեռք բերվել»,- ասել է Առաքելյանը։

Նա հավելել է, որ գնման 2 մրցույթներն արդեն կայացել են, հիմա աշխատանքներն են իրականացվում։

Առաքելյանի խոսքով՝ Երևանի որոշ հատվածներում ամանորյա ձևավորումը նույնն է լինելու, բայց փոփոխություններ էլ կլինեն։

Նշենք, որ այս տարի հոկտեմբերի 31-ից արդեն մեկնարկել են քաղաքի տոնական ձևավորման և գլխավոր տոնածառի հավաքման աշխատանքները։

Հավելենք, որ անցյալ տարի՝ 2024թ–ին, քաղաքային իշխանությունները տոնական միջոցառումների կազմակերպման ու ամանորյա ձևավորման համար ծախսել էին 549 մլն դրամ, իսկ 2023թ–ին՝ շուրջ 627 մլն դրամ։