Մամուլ

Հայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը

«Հետք»-ը գրում է․ «Հայաստան ադրբեջանական բենզին է ներկրել երկու ընկերություն։ Առաջինը «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն է, որը շահագործում է Ran Oil (Ռան Օիլ) բենզալցակայանների ցանցը, երկրորդը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։ 

Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ 

Ran Oil-ը («Մեգա թրեյդ»), որի ներկրումների մասին օրեր առաջ արդեն հայտնի էր, պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ 

Երկրորդը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ 

Սամվել Մկրտչյանին 50%-ով պատկանում է նաև «Էս-թրեյդ գրուպ» ՍՊԸ-ն։ 

Ավելի վաղ գրավոր հարցմամբ ՊԵԿ-ին խնդրել էինք տեղեկացնել, թե 2025 թվականի ամենաթարմ տվյալներով որ ընկերություններն են Հայաստան բենզին ներմուծել։ Առաջին տասն ամիսների տվյալներով՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն այդ ցանկում չկա։ 

«Շիշա ուորլդ»-ից մեր զանգին պատասխանող հաշվապահը խոստացավ մեր համարը փոխանցել պատասխանատու անձանց մեզ հետ կապվելու համար։ Ընկերությանը կանդրադառնանք ավելի ուշ։ 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին իր ֆեյսբուքյան էջում «ազդարարեց», որ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին։ Այն Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։

Gulf-ից վստահեցնում են՝ չեն վաճառելու Ran Oil-ի ներկրած ադրբեջանական բենզինը

Սուքիասյաններին պատկանող մյուս բենզալցակայանների ցանցից՝ Gulf Armenia-ից, այսօր մեզ հավաստիացրին, որ իրենք չեն ներկրել բենզին Ադրբեջանից։ Ընկերությունը նաև մտադիր չէ վաճառել իրենց փոխկապակցված Ran Oil-ի ներկրած բենզինը։ 

Gulf-ը միջազգային բրենդ է, որը Հայաստանում պաշտոնապես ներկայացվում է «ArmReco» ՍՊԸ-ի կողմից 2024 թվականից։  Այն Սուքիասյաններին պատկանող «Սիլ կապիտալ»-ի կազմում է»։