Հայտնի են ՌԴ-ից ՀՀ ժամանած ամուսինների դաժան սպանության մանրամասները
Կոտայքի մարզի Արամուսում և Զովաշենում համայնքներում օրերս սպանված 4 անձանցից (2 ամուսնական զույգ) մեկը Ռոստովում ապրող հայտնի էնդոկրինոլոգ Մարինե Հայրապետյանն էր։
SHOT տելեգրամ ալիքը հայտնում է, որ Զովաշենում սպանված ամուսիններ 44-ամյա Մարինե Հայրապետյանը և նրա 46-ամյա ամուսինը՝ Վահե Մարտիրոսյանը, ՌԴ–ից Հայաստան էին եկել արձակուրդի ժամանակ։
Ամուսիններն իրենց «Audi» մակնիշի մեքենայով ճանապարհին կանգնել են հանգստանալու Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի մոտակայքում գտնվող տաղավարում։ Այդ պահին արդեն մեկ ամուսնական զույգին սպանած տղամարդը մոտեցել է զույգին ու պահանջել իրենց մեքենայի բանալիները։ Ստանալով մերժում` կրակել է նրանց վրա։ Սպանվածների դիերը թողել է տաղավարում ու այդ մեքենայով հեռացել։
Հայրապետյանի և նրա ամուսնու անհետանալու մասին տեղեկացել են մեկ օր անց ու դիմել են տեղի ոստիկանություն։ 61-ամյա հանցագործին՝ Թ․Խ․-ին, ավելի ուշ ձերբակալել են։ Նա մինչ այդ էլ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ սպանել էր Արամուս գյուղի իր հարևաններին։
Հայրապետյանի և Մարտիրոսյանի դիերը տեղափոխվել են Դոնի Ռոստով։
Մարինե Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է, նա էնդոկրինոլոգ էր և Դոնի Ռոստովի «Դավինչի» կլինիկայում նաև սոնոգրաֆիա էր իրականացնում, ուներ 21 տարվա փորձ։
Դաժանաբար սպանված ամուսինները 15-ամյա դուստր ունեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ դաշտում, հայտնաբերվել են ամուսիններ Արմենուհի Ղ.-ի և Գևորգ Ղ.-ի մարմինները՝ հրազենային և եղանի հարվածի հետքերով։ Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել էր։
Հոկտեմբերի 14-ին էլ հայտնի էր դարձել, որ այդ նույն տղամարդը Զովաշենում էլ ևս 2 անձի է սպանել։ Նույն օրը քննչական կոմիտեն հայտնել էր, որ ամուսիններին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։