Հայտնի դիահերձարանի աշխատակցի տանից գողացել են խոշոր չափի գումար և նրա անվամբ հաշվառված զենքեր
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մարտի 4-ին, բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Արջահովիտ գյուղում բնակիչները վերադառնալով տուն հայտնաբերում են տան դուռը կոտրած և ամբողջ սենյակները տակնուվրա արված։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տան տերերը և հարևանները ասում էին.
«Տան անդամները մարտի 3-ին նշելիս են եղել ընտանիքի անդամներից մեկի ծննդյան արարողությունը ու հոբելյարը չի էլ իմացել, որ իր ընտանիքի անդամները անակնկալ են պատրաստել։ Իրեն չեն տեղեկացրել, ու Ռուսաստանի Դաշնությունից հարազատ եղբայրները վերադարձել են գյուղ, ու հոբելյարը, ով նույն գյուղի բնակիչ Արտավազդ Կարապետյանն է, անակնկալի է եկել ու ընտանիքի անդամներով, հարազատներով, մի քանի համագյուղացիների հետ գնացել են տանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռեստորանային համալիր, որտեղ ծնունդն են նշել։
Կեսգիշերից անց վերադառնալով տուն՝ այն ամբողջությամբ հայտնաբերում են թալանված։ Ստահակը կամ ստահակները տան բոլոր սենյակները տակնուվրա են արել, անգամ խուզարկել են խոհանոցը, գոմը, բակում կայանված ավտոմեքենան։ Տարել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր, նույնիսկ տականքները կոտրել են տղա երեխայի դրամատուփը և այնտեղ եղած ողջ պարունակությունը նույնպես գողացել են։
Գողացել են նաև Ա. Կարապետյանի անվամբ օրինական զենքերը թվով 4 հատ, ապա իրենց սև գործն ավարտած համարելով՝ հեռացել են»։
Դեպքի մասին տան անդամները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը, ու քանի որ տեղում պարզվել է, որ գողություն է տեղի ունեցել, ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի, վարչության պետի տեղակալ Գարիկ Մանուկյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանից ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության գողությունների բացահայտման վարչության ծառայողները վարչության պետի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հանցագործություն կատարած ստահակները կոտրել են տան տարածքում տեղադրված տեսախցիկները ու իրենց հետ տարել կրիչները։ Կոտրել են նաև չհրկիզվող պահարանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Կարապետյանը աշխատում է Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների դիահերձարանում։
Մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սա առաջին դեպքը չէ, որ մեր մարզում, այդ թվում՝ Սպիտակի տարածաշրջանում, գողություններ են տեղի ունենում, ու ցավոք մեծ մասը մինչ այժմ բացահայտված չէ։ Նույնիսկ զարմանում ենք, որ եղել են գողություններ, որ ոստիկաններին ու քննիչներին տրամադրել ենք տեսախցիկների արձանագրածը, սակայն ասել են՝ դա ոչինչ չի տալիս գործին ու այդ դեպքերը նույնպես մնացել են չբացահայտված։ Արդյոք այս դեպքը կբացահայտվի, թե չէ, չգիտենք։ Ուզում ենք հավատալ, որ գոնե էս մեկը կբացահայտվի»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


