Մամուլ

Հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում ծեծկռտուք է․ կան վիրավորներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հունվարի 5-ին, գիշերը ժամը 02։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժին են ահազանգել և հայտնել, որ Լճաշեն բնակավայրի մանկապարտեզի մոտակայքից ծեծի ենթարկվելու հետևանքով «Ստորին ծնոտի բեկորային կոտրվածք, ձախ այտի և ծոծրակային շրջանի պատռված վերքեր, ձախ ստորին ակնակապճային շրջանի հեմատոմա և այտուց, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։ 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում վիրավորին Սևանի ոստիկանները պարզել են, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արման Նավասարդյանն է։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որից հետո էլ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության իրենց գործընկերների հետ՝ վարչության պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին, Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի Վանատուր թաղամասում գործող «Ադամ» հանդիսությունների սրահի մոտ, որից հետո տեղեկությունը ոստիկանության Սևանի բաժնից փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչություն և համայնքային ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ժամերի ընթացքում Գեղարքունիքի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ս․ Դուրգարյանի, Կոտայքի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, Սևանի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Վ․ Կիրակոսյանի և Հրազդանի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ պարզել են, որ հունվարի 4-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Նավասարդյանը Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում գտնվող «Ադամ» հանդիսությունների սրահում մասնակցել է ինչ որ միջոցառման, որի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Դավիթ Խաչատրյանի և 24-ամյա Միքայել Թադևոսյանի միջև, որից հետո Ա․ Նավասարդյանը զանգահարել և Հրազդան է կանչել Արման Նավասարդյանին, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արսեն Նավասարդյանին, 37-ամյա Իշխան Քոլոզյանին, 25-ամյա Գևորգ Սահակյանին և 26-ամյա Խաչիկ Մելիքյանին, ովքեր ժամանելով «Ադամ» հանդիսությունների սրահ, բակում վիճաբանել են մի խումբ անձանց հետ (որոնց ինքնությունը պարզվում է) և այդ վիճաբանություն ծեծկռտուքի ժամանակ Ա․ Նավասարդյանը ստացել է նշված, իսկ Ս․ Մելիքյանը, Արսեն և Արթուր Նավասարդյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված և անձանց և դեռևս անհայտ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվեք էջում