Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է 23-ամյա օտարերկրացի կնոջ մարմինը, ով որպես անհայտ կորած որոնվում էր
Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններեւոմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դեմիրճյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են Չեչնիայի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Աիշա Բեյմուրադովայի դին՝ ամբողջությամբ սևացած վիճակում:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը հոկտեմբերի 17-ից որպես անհայտ կորած որոնվում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչկան բաժնի կողմից, իսկ նրան հայտնաբերել է անշարժ գույքի կազմակերպության աշխատակից 22-ամյա Արտյոմ Ա.-ն:

Տեղի ունեցածը սպանություն է, հանկարծամահություն, թե դժբախտ պատահար, պարզվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։