Մամուլ

Առեղծվածային դեպք․ հայտնաբերվել է ամբողջությամբ վառված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում էլ՝ 30-ամյա տղամարդու մոխրացած մարմինը

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ մարտի 2-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ բնակավայրից դեպի Եղվարդ տանող դաշտամիջյան հատվածում այրված ավտոմեքենա կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Նմանատիպ օպերատիվ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի քրեական վարչությունում, որտեղից դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են. նշված հատվածում հայտնաբերվել է ամբողջովին այրված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում էլ՝ մոխրացած դի։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով մոխրակույտի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Տեղի ունեցածը սպանություն է, ավտովթար, թե դժբախտ դեպք, պարզվում է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները պարզել են որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդգես Կ-ն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում