Հայտարարություն կանեմ, որը կդառնա աղմկոտ. Փաշինյան
ՀՀ պետական բյուջեն թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, մեր հաջողությունների ու ձախողումների, մեր մարտահրավերների ու հնարավորությունների մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարևոր է, որ մենք բյուջեի թվերը կարողանանք թարգմանել ու դարձնել բովանդակային տեքստ, դրանք էլ կարողանանք արտահայտել թվային ձևով»,- նշեց նա։
2024 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ։
«Սա նշանակում է, որ բոլորս այսքան գումար ենք փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է: Այս թիվն արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը։ Մեր խնդիրը ոչ միայն այս թվաբանության աճը ապահովելն է, այլև գոհունակություն ապահովելն է, որը շատ մասշտաբային խնդիր է։
Այս կապակցությամբ պիտի անեմ մի հայտարարություն, որը չեմ բացառում, որ կդառնա, ինչպես ասում են, աղմկոտ։
Իսկ հայտարարությունը հետևյալն է, բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել, ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, որոնք չեն ստացել մրցունակ կրթություն»,- հայտարարեց նա։