Մամուլ

Հայոց ցեղասպանությունը վերապրած 108-ամյա Եպրաքսյա Գևորգյանը հարգանքի տուրք կմատուցի Ծիծեռնակաբերդում

Հայոց ցեղասպանությունը վերապրած 108-ամյա Եպրաքսյա Գևորգյանը ցանկություն է հայտնել ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:

«Մի քանի օր առաջ մեզ այցելել էր ցեղասպանությունը վերապրած մի տատիկի թոռնիկ: Նա խնդրել է կազմակերպենք, որ տատիկն ապրիլի 24-ին գա հուշահամալիր: Պատրաստվում ենք տատիկին դիմավորել, սայլակով տատիկին այնպես ենք անցկացնելու, որ մարդկանց մեծ հոսքի մեջ չընկնի»,-ասաց Գզոյանը:

«Արմենպրես»-ը զրուցեց նաև Եպրաքսյա Գևորգյանի թոռան՝ Արթուր Կարապետյանի հետ: «Նա վերջին տարիներին շատ է մտածում զոհվածների հիշատակին Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դնելու մասին: Ուզում եմ իր նպատակն իրականացնել: Անընդհատ պատմում, հիշում է»,-ասաց նա ու հավելեց, որ տատը գաղթել է Կարսից, ներկայում ապրում է Արմավիր քաղաքում:

Հարցին, թե արդյոք տատիկի համար ֆիզիկական մեծ դժվարություն չի լինի հասնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր՝ Եպրաքսյա տատիկի թոռն ասաց, որ անցագիր են վերցրել թանգարան-ինստիտուտ հիմնադրամից, որ տատիկը մեքենայով մինչև հուշարձան բարձրանա, հետո նրան սայլակով կուղեկցեն։

Եպրաքսյա Գևորգյանի անձնագրում որպես ծննդյան տարեթիվ նշվում է 1914թ., սակայն նրա թոռը պնդում է, որ նա ավելի վաղ է ծնվել և օրերս նշել է 108-ամյակը: 

2019-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցը:

Կիսվել