Հայկ Մարության․ Պետք է վերադառնալ և նոր թափով շարունակել բարեփոխումների գործընթացը
Հայկ Մարության․ Պետք է վերադառնալ և նոր թափով շարունակել բարեփոխումների գործընթացը
Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական դրամահավաք-երեկոն։
Երեւանի ավագանու ընտրություններին 7 համարի ներքո մասնակցող կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախ շնորհավորեց ներկաներին Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։
Ներկայացնելով իր թիմի հիմնական նպատակն ու սկզբունքները գալիք ընտրություններում՝ քաղաքապետ Մարությանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու երկու հիմնական պատճառ կա։
«Մեկը քաղաքն է իր բազում խնդիրներով։ Մեր եռամյա կառավարման շրջանում մենք ստեղծել ենք համակարգեր, որոնք պետք է աշխատեն երկար տարիներ շարունակ։ Իմ չհիմնավորված իմպիչմենթից հետո ես տենում եմ, որ այդ ռեֆորմները, ցավոք, դանդաղել են, շատ պրոցեսներ էլ սկսել են հակառակ հունով գնալ։
Պետք է վերադառնալ և նոր թափով շարունակել բարեփոխումների գործընթացը։ Մենք ու մեր երեխաները պետք է ապրենք հարմարավետ, անվտանգ ու զարգացող քաղաքում։ Դրան այլընտրանք չկա», – ասաց Հայկ Մարությանը։
Ընտրություններին մասնակցելու երկրորդ պատճառն, ըստ նրա, քաղաքական իրադրությունն է։ Մարությանի խոսքով, 2018-ի հեղափոխությունից հետո փոփոխությունների հեռանկարով ոգեւորված հանրությունը սպասում էր լուրջ ռեֆորմների։
Հիմա բազմաթիվ ոլորտներում դրանց ընթացքը դանդաղել է կամ կանգնել, որոշ դեպքերում էլ պրոցեսները սկսել են ընթանալ սխալ հունով։
Հայկ Մարությանի խոսքով, երկրում առկա քաղաքական այս իրավիճակը շատ ձեռնտու է «ավանդական» քաղաքական ուժերին. իշխանությունը իրեն քննադատող խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում է նախկինում գործած մեղքերի ու հանցանքների մեջ, իսկ ընդդիմությունն իշխանությանը՝ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա ձախողումների մեջ։
«Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը, այսպիսով, քաղաքական պինգ-պոնգ են խաղում՝ հանրային դիսկուրսը պահելով պրիմիտիվ մակարդակի վրա, ինչը չի բխում պետության շահերից», – եզրափակեց քաղաքապետի թեկնածուն։
Հանդիպման ընթացքում թիմի անդամները ներկայացրին կուսակցության նախընտրական ծրագրի առանձին կետերը։