ՄամուլՍպորտ

Հայկական և համաշխարհային մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը տոնում է ծննդյան 90-ամյակը

Այսօր ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ, «Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի» և «Լոռվա ասպետ», 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Ալբերտ Վաղարշակի Ազարյանի ծննդյան օրն է։ Ալբերտ Ազարյանը դարձավ 90 տարեկան։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն` օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։

մարմնամարզության լեգենդ

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին՝ Գանձակում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1944 թվականին, հոր մահից հետո, աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։

1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։ 1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ, զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։

Ալբերտ Ազարյան

1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ 1956 թվականին Ալբերտ Ազարյանը Ավստրալիայում դարձել է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն՝ օղակների վրա վարժություններում և թիմային հաշվարկով։

1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում։ 1960 թվականին Իտալիայում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն։

Ալբերտ Ազարյան

1964 թվականին ավարտել է մարզական կարիերան՝ աշխատանքի անցնելով Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում՝ որպես տնօրեն։

Ալբերտ Ազարյանը մասնակցել է աշխարհի 49 պետություններում կայացած մրցաշարերի, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։

Կիսվել