Հայկական պատվիրակությանը Եվրանեսթում հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը
Հայկական պատվիրակությանը Եվրանեսթում հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը:
Դեկտեմբերի 7-10-ը Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Թբիլիսի է մեկնել Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի գլխավորությամբ: Հ
Հ ԱԺ պատվիրակության կազմում են նաև ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Տարոն Սիմոնյանը:
Դեկտեմբերի 8-ին տեղի են ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական, էնեգետիկ, սոցիալական և տնտեսական հարցերով չորս հանձնաժողովների նիստերը:
Հայկական պատվիրակությանը հաջողվել է Էներգետիկ հանձնաժողովում տապալել ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը՝ Մեծամորի ատոմակայանի փակման պահանջը։
Այս առնչությամբ առաջադրված փոփոխությունների քվեարկությունից անմիջապես առաջ ելույթի խոսքով հանդես է եկել պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը՝ ոչ միայն ներկայացնելով վերոնշյալ հարցում Ադրբեջանի կողմնակալ մոտեցումները, այլ նաեւ հստակ փաստարկելով էներգետիկ անկախության ռազմավարական նշանակությունն ու ՄԱԳԱՏԵի փորձագետների մասնագիտական կարծիքներն առ այն, որ ատոմակայանի անվտանգության բարձրացման հարցում նշանակալի առաջընթացի է արձանագրվել, նաև ընդգծելով էներգետիկ անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախանշված դրույթների առկայությունն ու կարևորությունը։
Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԺ պատվիրակության կարեւոր հաջողություն էր նաեւ վեհաժողովում քննարկվող զեկույցի համար հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացված բոլոր 7 առաջարկների ընդունումը: «Հատկանշական է, որ վերոնշյալ հանձնաժողովի
քննարկումների ընթացքում միջազգային ու տարածաշրջանային մի քանի փորձագետների կողմից ներկայացված ԱԼԳ երկրներում առկա քաղաքական, մարդու իրավունքների ու տնտեսական վիճակի մասին զեկույցների հիմնական թեման Հայաստանն ու մեր բարեփոխումների աննախադեպ ընթացքն էր, ինչպես IDEA international միջազգային կազմակերպության The Global State of Democracy 2019 տարեկան զեկույցն է շեշտում` Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է»,- Թբիլիսիից փոխանցել է պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը։
Տնտեսական հանձնաժողովում քննարկվող զեկույցի հետ կապված հայաստանյան պատվիրակության բոլոր առաջարկները եւս ընդունվել են, իսկ որպես 2020 թվականի զեկույցի թեմա ընտրվել է ԱԺ պատվիրակության, մասնավորապես ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի առաջարկը:
Հայաստանի համար խիստ կարեւոր է նաև ՀՀ ԱԺ պատվիրակության առաջարկի ընդունումը՝ կապված կրթական համակարգում այլատյացության տարածման հիմնախնդրիի հետ, որը մեծապես կապված է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականության հետ:
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի աշխատանքներին: