Հայկական լոլիկը վերացման եզրին է. թուրքական էժան ապրանքի ու թանկ գազի հնարավոր հետևանքները
Հայկական լոլիկը վերացման եզրին է. թուրքական էժան ապրանքի ու թանկ գազի հնարավոր հետևանքները
Sputnik Արմենիան գրում է․ Հայաստանի գյուղոլորտի գլխին միանգամից երկու լուրջ վտանգ է կախվել։ Թուրքական ու պարսկական էժան լոլիկ–վարունգի ֆոնին առանց այդ էլ թանկ հայկական բանջարեղենը կարող է ավելի թանկանալ` վերջնականապես դուրս մղվելով սեփական երկրի շուկայից։
Գյուղմթերքի արտադրության ներկա ու կանխատեսվող խնդիրների մասին Sputnik Արմենիային պատմել են Արարատի մարզի ջերմոցների սեփականատերերը։
Լոլի՞կ, թե՞ հապալաս. գազի թանկացումը նոր հարցերի առաջ է կանգնեցրել հայաստանցի ջերմոցատերերին
Գեղանիստ գյուղում գործող ջերմոցային տնտեսության սեփականատեր Հրաչյա Բաբախանյանն արդեն հաշվարկել է` եթե գազի գինն ավելանա ևս 30-35 դրամով, ջերմոցային տնտեսությունները կմնան առանց շահույթի։
«Ջերմոցներում աճեցված 1 կգ պոմիդորի ինքնարժեքը գազի գործող գներով 400-500 դրամ է։ Դրա 70-80 տոկոսը միայն գազի գինն է։ Եթե այն ևս 30-35 տոկոսով ավելանա, մեր շահույթը կհավասարվի զրոյի»,– ասաց տնտեսվարողը։
Նշենք, որ այսօր ջերմատներն ու ջերմոցները գազի 1 խմ–ի դիմաց 107-110 դրամ են վճարում` կախված տվյալ պահին ՀՀ–ում սահմանված դոլարի փոխարժեքից։ Բանն այն է, որ դեռ 2016թ–ից, ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով կառավարությունը որոշել էր որոշակի չափով սուբսիդավորվել գյուղատնտեսական բիզնեսի ծախսած գազի գինը։
Բայց եթե գազը ջերմոցների համար թանկանա մինչև 140 դրամ, ապա տեղական լոլիկի ինքնարժեքը կարող է 700 դրամի հասնել։
Արարատի մարզի Ղուկասավան գյուղում գտնվող ջերմոցային տնտեսության սեփականատեր Կարեն Համբարչյանն էլ նշեց, որ եթե գազի գինը բարձրանա ապրիլից, այս տարվա բերքի գնի վրա այն դեռ չի ազդի, քանի որ մինչ այդ ջեռուցման սեզոնն ավարտված կլինի։ Թանկացման հետևանքները ջերմատներում կզգան արդեն հաջորդ տարի, երբ ստիպված կլինեն որոշել` ցանել լոլիկ, թե չցանել։
«Մյուս տարի արդեն ես կմտածեմ` դնե՞մ ձմեռը պոմիդոր, թե՞ չդնեմ, թե՞ դնեմ գարնանը, որ ավելի քիչ գազ ծախսեմ, կամ ոչ թե պոմիդոր–վարունգ դնեմ, այլ ուրիշ բան, օրինակ` հապալաս, որը պահանջում է +5-ից +7 աստիճան, որ քիչ գազի ծախսով, բայց նաև քիչ եկամուտով աշխատեմ։ Որովհետև ջերմոցը կա, հո չե՞ս քանդելու։ Ստիպված պետք է մտածես` ինչ անես»,– ասաց Համբարչյանը։
Փոխարենը գյուղատնտեսները համոզված են` տեղական լոլիկի գինը գազի թանկացումից չի բարձրանա։ Այն ուղղակի բարձրանալու տեղ չունի։ Եթե հարևան երկրներից լոլիկի 1 կգ–ը 300-400 դրամով է գալիս Հայաստան, թանկանալու դեպքում տեղական լոլիկն ուղղակի դուրս կմնա մրցակցությունից։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում