Ժամանց

Հայկական գյուղ, որի ոչ մի բնակիչ չի մեկնում արտագնա աշխատանքի․ Տեսանյութ

Հայկական գյուղ, որի ոչ մի բնակիչ չի մեկնում արտագնա աշխատանքի։ Ենոքավանը դարձել է էքստրեմալ և արկածային զբոսաշրջությամբ հետաքրքրվողների սիրված վայր, և բոլոր տեղացիները գտել են իրենց գյուղի աշխատաշուկայում

Հայաստանի հյուսիսում՝ Երևանից 140 կմ հեռավորության վրա, մի գյուղ կա, որն, առաջին հայացքից, ոչնչով չի տարբերվում հարյուրավոր այլ հայկական գյուղերից: Շարքով կանգնած նույն միհարկանի և երկհարկանի տուֆե տները, կողքը՝ ցախատուն և գոմ:

Սակայն Ենոքավանն այնուամենայնիվ Հայաստանի համար բացառիկ գյուղ է. այստեղից մարդիկ չեն հեռանում: Ավելին, վերջին տարիներին Ենոքավանի բնակչությունն աճել է. եղել 480 մարդ, դարձել է 554: Բանն այն է, որ գյուղը դարձել է էքստրեմալ և արկածային զբոսաշրջությամբ հետաքրքրվողների սիրված վայրը:

Yell Extreme park-ը, որը բառացիորեն մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Ենոքավանից, հիմնել է այդ գյուղի բնակիչներից մեկը: Սարերն ու դրանց միջև ձգվող կիրճերը ստեղծել են բոլոր պայմանները զիփլայնով զբաղվելու համար։ Զիփլայնը գետնից որոշակի բարձրության վրա գտնվող պողպատյա ճոպան է, որով հատուկ սարքի միջոցով վայրէջք է կատրվում: Դեռևս 4 տարի առաջ նախագիծը գոյություն ուներ միայն թղթի վրա, սակայն 2015թ-ին այգին սկսեց ընդունել առաջին հյուրերին:

Այգի մտնելիս այցելուն միանգամից հայտնվում է հանդերձարանում, որտեղ հրահանգիչներն օգնում են հատուկ համազգեստ հագնել: Բազան զիփլայնի ուղիներից մի փոքր հեռու է, և հյուրը դեռ այնքան էլ չի հասկանում, թե ինչ է իրեն սպասում: Հասնելով զիփլայնին՝ ոմանք տատանվում են, սակայն, ինչպես նշում են տեղի հրահանգիչները, այս տարիների ընթացքում շատ քչերն են հրաժարվել թռչնի թռիչքի բարձրության վրա հայտնվելու հնարավորությունից:

Կիրճի վրա անցկացրած ճոպաններն ու ոտքերի տակ հողը չզգալու հեռանկարն իրոք վախ են ներշնչում: Սակայն մեկնարկից մի քանի վայրկյան անց հասկանում ես, որ քեզ հետաքրքրում է միայն բացվող համայնապատկերն ու գլխավերևում սավառնող թռչունները: Ադրենալինն ուղիղ այնքան է, որ հաճելի տանջանք զգաս:

Ընդհանուր առմամբ Yell Extreme park-ում ՝ 135, 200, 268, 375 և 750 մետր երկարությամբ 5 ուղի կա: Թռիչքի ժամանակ գետնից ամենամեծ բարձրությունը 300մ է:

Զիփլայնը Yell Extreme park-ում առկա գլխավոր, բայց ոչ միակ զբաղմունքն է: Նախագիծը ժամանակի ընթացքում ընդլայնվել է, և այժմ հնարավորություն կա նաև պարապլանով թռչելու, լեռնային հեծանիվ քշելու, խոչընդոտներով պարանների այգի այցելելու, Off road շրջապտույտներ կատարելու, ձիարշավով, փեյնթբոլով, զորբինքով (հատուկ թափանցիկ գնդակի մեջ բլրից 100 մ վայրէջք) զբաղվելու: Այգու աշխատակիցների իրագործած վերջին երևակայական ցանկությունը «Վիա Ֆերատան» է:

Դա ժայռի վրա կառուցած երթուղի է, որը թույլ է տալիս քայլել դրա ողջ երկյանքով: Ժայռն ուղղաբերձ է, և ներքևում երևացող անդունդը կարող է ստիպել կանգ առնել ճանապարհի կեսին: «Կան մարդիկ, որոնք սկզբում նույնիսկ չեն ուզում փորձել: Սակայն, ինչպես ասում են, դժվարն առաջին անգամն է: Առաջին անգամից հետո բոլորովին այլ մարդ են դառնում, նրանց կարծիքը փոխվում է»:

Հովսեփը պատմում է իր աշխատանքի մասին՝ այդ ուղու ամենաբարձր կետում կանգնած: Ասում է, որ իրեն ազատ է զգում հենց այստեղ՝ ժայռի վրա: Չնայած, որ ամեն օր նա նույն երթուղին է անցնում, այդ զբաղմունքը նրան դեռևս անտարբեր չի թողնում.

«Ինձ համար ձանձրալի չէ ժայռով քայլելը, և չեմ էլ ասի, թե սովոր եմ: Ամեն անգամ որոշակի հետաքրքրություն կա, քանի որ տարբեր հույզերով տարբեր մարդիկ են գալիս: Ձգտում ենք ամեն ինչում ընդհանուր լեզու գտնել և աշխատել նրանց հետ: Տարբեր մարդիկ են եղել: Նույնիսկ այնպիսիք, որոնք արտասվել են և փոքր քայլերով հաղթահարել խոչընդոտը: Մենք նրանց համոզում ենք, օգնում: Չենք ունեցել այցելուներ, որոնք մինչև վերջ չեն հասել»:

Կիսվել