Հայերը ստեղծել են ինքնատաքացող բաժակներ․ Կոճակի մեկ սեղմումով կարելի է սուրճը կամ թեյը տաքացնել մինչև +72
«Sputnik Արմենիա»-ն գրում է․Magicup հայկական ստարտափը ինքնատաքացող բաժակներ է ստեղծել։ Կոճակին մեկ անգամ սեղմելով կարելի է դրա մեջ եղած սուրճը կամ թեյը տաքացնել մինչև +72։ Շուկայում արդեն կան կավե բաժակներ, որոնք ինքնուրույն են տաքանում։ Դրանք մոտ 80 դոլար արժեն, իսկ արշավական տարբերակները` մոտ 150։ Հայկական ստարտափը ավելի մատչելի մեկ անգամվա օգտագործման բաժակների տեխնոլոգիա է ստեղծել։ Բայց բնությունը դրանից չի տուժի։ Ինչպե՞ս։
«Դրանք կարելի է վերականգնել, բայց արտադրական պայմաններում։ Այդ պատճառով մենք դրանք վաճառելու ենք միայն սննդի կետերին` պայմանով, որ հավաքեն ու հետ բերեն` կրկնակի արտադրության համար։ Քանի որ, եթե մենք այդպիսի բաժակ մեզ հետ վերցնենք, ապա սուրճը ըմպելուց հետո պարզապես կնետենք այն։ Իսկ մենք չենք ուզում, որ մարդիկ պլաստիկը նետեն»,-ասաց ստարտափի ներկայացուցիչ Մովսես Մակարյանը։
Իսկ ինչպե՞ս են աշխատում այդ բաժակները։ Դրանք կրկնակի պատեր ունեն։ Դրանց արանքում ջերմային ռեակցիայի համար նյութեր կան։ Երբ սեղմում են կոճակը, ռեակցիան սկսվում է․նյութերը խառնվում են, ջերմություն է արձակվում ու հեղուկը տաքանում է։ Այդպիսի ռեակցիաներից ամենահայտնին կալցիումի օքսիդի ու ջրի խառնուրդն է։ Ասես պարզ է հնչում, սակայն դեռ ոչ ոք ոտքի վրա տաք սուրճ չի պատրաստել։ Չի հաջողվել դա նույնիսկ համաշխարհային այնպիսի հսկային, ինչպիսին Nestle-ն է։
2001 թվականին Nescafe-ն նման բաժակներ էր արտադրել, սակայն ստիպված էր հետ կանչել դրանք շուկայից։ Սառնամանիքին այդ բաժակները լավ չէին տաքացնում սուրճը, իսկ տաք ըմպելիքները հենց այդ ժամանակ են ամենապահանջվածը:
«Մյուս բաժակները չեն գործում, երբ շուրջը շատ ցուրտ է։ Մեր մոդելն աշխատում է մինչև մինուս 4 աստիճան։ Բացի այդ՝ մնացածը կարող են տաքացնել հեղուկը առավելագույնը մինչև 60 ու մի քիչ, իսկ մենք մինչև 72», – ավելացրեց Մակարյանը։ Թե հենց ինչպես են հակաազդակները սուրճը տաքացնելու, դեռ գաղտնիք է։ Սակայն Մովսեսը վստահեցնում է, որ դրանք լիովին անվտանգ են։ Ինչու՞ ենք նրան անունով դիմում։ Որովհետև նա դեռ ուսանող է։
Ծնվել է Վանաձորում։ Սկզբում ռուսական թեքումով դպրոց է գնացել, հետո՝ ֆիզիկամաթեմատիկական։ Իսկ դպրոցն ավարտելով` ընդունվել է Սինգապուրի լիցեյներից մեկը։ Հիմա բիզնես-ադմինիստրացիա է սովորում Սինգապուրի խոշոր համալսարաններից մեկում։ Այս նորարարությունը պատրաստում են ոչ միայն հայերը։ Թիմում է Մովսեսի գործընկեր ու դասընկեր հնդիկ Ջայ Մալխոտրան:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։