Հայաստանում շրջանառվում է գրիպի H1N1 (խոզագրիպ) հարուցիչը. սպասվում է հիվանդության դեպքերի աճ
Հայաստանում շրջանառվում է գրիպի H1N1 (խոզագրիպ) հարուցիչը. սպասվում է հիվանդության դեպքերի աճ
Սուր շնչառական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են, Ամանորի տոնական օրերին բուժհաստատություններ են դիմել հարյուրավոր մարդիկ: Ոլորտի պատասխանատուները, սակայն, հիշեցնում են՝ գրիպի եւ մյուս շնչառական վարակների սեզոնն ընթացքի մեջ է եւ կշարունակվի մինչեւ մայիս: Նաեւ վստահեցնում են, որ առկա ցուցանիշները համահունչ են նորմային ու նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածին, իսկ իրավիճակը՝ վերահսկելի:
Գրիպի շրջանառվող հարուցիչը A H1N1-ն է, որը ժամանակին «խոզագրիպ» անվանումն էր ստացել: Գրանցված այդպիսի դեպքերի ամենաթարմ տվյալը վերաբերում է հունվարի 4-ին: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը (լուսանկարի կենտրոնում) մեզ հետ զրույցում ասաց, որ բուժհաստատություններ դիմած անձանցից 25-ի մոտ նկատվել են գրիպին բնորոշ երեւույթներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանցից 10-ի մոտ առկա է H1N1:
«Մյուս դեպքերը կարող են լինել մրսածությունով պայմանավորված, կարող են լինել հարբուխ, ինչու չէ՝ նաեւ մանրէային ծագման»,- ասաց նա: Գրիպով հիվանդները եղել են տարբեր տարիքի, որոնց մոտ հիվանդությունն ունեցել է ոչ ծանր ընթացք: Վարակվածների թվում եղել է հղի, որը հոսպիտալացվել է: Լիանա Թորոսյանը նշեց, որ կիրակի, երբ առողջապահության նախարարության մասնագետների խումբը շրջայց է կատարել առողջապահական հիմնարկներ, ինքն անձամբ է հանդիպել կնոջը, եւ նրան պատրաստվում էին դուրս գրել:
Այլ շնչառական վարակներով բուժհաստատություններ դիմածները հիմնականում երեխաներ են: Լիանա Թոորսյանը դա պայմանավորում է նաեւ տոնական օրերին մարդկանց սերտ շփումներով, ինչի պարագայում երեխաներն ավելի անպաշտպան են դառնում վարակների նկատմամբ: Ու նաեւ շատ են դեպքերը, երբ ծնողները բուժօգնության են դիմել հիվանդության երրորդ կամ չորրորդ օրը՝ նախ փորձելով երեխային բուժել տանը: Այդուհանդերձ, նախարարության մասնագետը արձանագրում է, որ շատերը զգոն են եղել եւ հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում դիմել են պոլկլինիկական ծառայություններ՝ նաեւ թեթեւացնելով ստացիոնար հաստատությունների բեռը:
Հոսպիտալացված հիվանդների կյանքին սպառնացող վտանգ չկա: «Այս պահի դրությամբ արհեստական շնչառական ապարատի տակ գրիպով եւ հետգրիպային բարդություններով անձինք չունենք»,- նշեց Լիանա Թորոսյանը: Սուր շնչառական հիվանդությունների պատճառով հիվանդանոց ընդունվածները հիմնականում երեխաներ են: «Ավելի շատ խզզոցներով երեխաներ ունենք, բրոնխիտներով երեխաներ ունենք: Որպես այդպիսին, բարձր ջերմությամբ երեխաները հիմնականում 0-3 տարեկան են: Անգամ մի թեթեւ պատճառը նրանց կարող է բերել այդ վիճակին»,- նկատեց նա:
Գրիպի H1N1 ենթատեսակը Վրաստանում շատ ավելի մեծ տարածում ունի: Հիվանդությունը նույնիսկ խլել է մեկ տասնյակի չափ մարդու կյանք: Մեր երկրում կարծում են, որ վարակի ներթափանցումը կանխելու համար հավելյալ միջոցառումների անհրաժշտություն չկա, որովհետեւ փաստորեն նույն հարուցիչը շրջանառում է նաեւ Հայաստանում եւ միայն ծավալների փոփոխություն կարող է դիտվել: «Հարուցիչը շրջանառում է տարածաշրջանում, Եվրոպայում, ամբողջ աշխարհում: Ուղղակի պետք է առաջին նշանների դեպքում դիմել բժշկի, ստանալ ճիշտ օգնություն, հակաբիոտիկ չխմել: Հիմնական խնդրանքը դա է: Առանձնահատուկ միջոցառման կարիք չկա: Չնայած՝ սահմանում հսկողությունը ուժեղացված է, հեռահար ջերմաչափերը դրված են, բայց պատկերացրեք, ես հիմա գալիս եմ Հայաստան, ջերմություն չունեմ, բայց արդեն իսկ վարակված եմ, հիվանդությունը գաղտնի շրջանում է ու ես անցնում եմ սահմանը: Այսինքն՝ հետո իմ խնդիրն է, որպեսզի ես դիմեմ բժշկի, իմ վիճակը չծանրացնեմ»,- պատկերավոր նկարագրեց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետը:
Նախորդ տարիների համաճարակաբանական տվյալները հուշում են, որ սուր շնչառական հիվանդությունների քանակը մինչեւ փետրվար կշարունակի աճել: Դրան նպաստում են եղանակային պայմանները, ուսումնական հաստատություններում դասապրոցեսի վերսկսումը, բուժօգնության դիմելու ուշացած դեպքերը եւ այլն:
«Հիդրոմետ ծառայությունը խոստանում է բավական խստաշունչ ձմեռ, ինչը նպաստում է այդ հարուցչին, որովհետեւ այն շատ լավ դիմանում է ցրտին, եւ օդի մեջ, որպես կոնգլոմերատ, մնում է: Նաեւ պետք է հաշվի առնել, որ ձմռան ամիսներին օրգանիզմի իմունիտետը թուլանում է, մարդն ավելի խոցելի է դառնում: Կա նաեւ մրսածության գործոնը, երբ բորբոքվում է քթի լորձաթաղանթը, քիթը չի կատարում օդը ֆիլտրելու ֆունկցիան եւ աղտոտված օդն արդեն անցնում է ստորին շնչառական օրգաններ ու անում է այն, ինչ որ անում է: Ուղղակի H1N1-ի առանձնահատկությունն այն է, որ դեռեւս ունի որոշակի ագրեսիվություն եւ թոքաբորբերի առաջացման հավանականությունը, մասնավորապես ռիսկի խմբերում, բավականին մեծ է»,- փաստեց Լիանա Թորոսյանը:
Հունվարի 6-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով 526 հիվանդ։ Տվյալ օրվա դրությամբ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով՝ 184 հիվանդ։ Բոլորն ունեն առողջացման դրական շարժընթաց։
Հ.Գ. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն, ի դեպ, նույնպես կիրակի այցելել էր բժշկական հաստատություններ, Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով սուր շնչառական հիվանդությունների հետ կապված իրավիճակին, մասնավորապես գրել է. «Հանձնարարարել եմ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տարածքային ստորաբաժանումներին դասերի սկսմանը զուգընթաց (հունվարի 8-ից-խմբ.) դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններում կատարել ընտրանքային ջերմաչափումներ, որպեսզի չլինեն շեղումներ թույլատրելի նորմաներից։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ մանկական հիվանդանոցների հարաբերական ծանրաբեռնվածությունը պայմանավորված է նաեւ պոլիկլինիկական համակարգի մոտավորապես տասն օր ամբողջ հզորությամբ չաշխատելով, ինչն անթույլատրելի եմ համարում։ Հետեւաբար ոչ աշխատանքային օրերը կրճատելը, բացի տնտեսական եւ այլ նպատակներից, ունի նաեւ բնակչության առողջական վիճակը բարելավելու հստակ նպատակ»։