Հայաստանում նա միակ կինն է, որ մեքենա է նորոգում. երկար եղունգներն էլ չեն խանգարում
Հայաստանում նա միակ կինն է, որ մեքենա է նորոգում. երկար եղունգներն էլ չեն խանգարում
«Sputnik Արմենիան» գրում է․ Հայաստանում նա միակ կինն է, որ մեքենա է նորոգում… Հայաստանը բոլորին զարմացնում է նախևառաջ իր բնակիչներով: Այստեղ կանայք գեղեցիկ են, խնամված, հիանալի տանտիրուհիներ են, հոգատար մայրեր ու կանայք: Նրանք նաև կարողանում են մեքենա նորոգել:
Երկար խնամված եղունգներ, թեթև ցերեկային դիմահարդարում և գեղեցիկ սանրվածք: Առաջին հայացքից թվում է` անսովոր ոչինչ չկա: Հայաստանում գրեթե բոլոր կանայք այդպիսի տեսք ունեն: Սակայն Էվելինա Մարկոսյանի դեպքում ամեն ինչ այլ է: Նա Հայաստանում միակ կինն է, որը զբաղվում է ավտոմեքենաների դիագնոստիկայով:
Գեղեցկություն ու շարժիչներ…
Էվելինայի հետ ծանոթացա իր աշխատավայրում, որտեղ մեքենայի շարժիչի ծածկոցը (капот) բացել և պարզում էր շարժիչի խափանման պատճառը: Ողջունեցինք: Առաջին բանը, որ աչքիս ընկավ, երկար, խնամված եղունգներն էին:
-Ձեզ հարմա՞ր է նման եղունգներով մեքենաներ նորոգել, – հարցրի ես:
-Իհարկե, – պատասխանեց Էվելինան,- կինը մի՛շտ պետք է խնամված տեսք ունենա:
Այն կարծրատիպը, որ ավտոսրահում մեր դիմաց պետք ելներ կոշտացած ու շարժիչի յուղից սևացած ձեռքերով կին, ջարդուփշուր եղավ:
Էվելինան 35 տարեկան է: Մասնագիտությամբ ծրագրավորող է, ավարտել է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը: 2005թ–ից աշխատում է ավտոսպասարկման ընկերությունում: Սկսել է որպես վաճառքի մասնագետ, հետո գլխավորել է վաճառքի բաժինը, այնուհետև սկսել է ղեկավարել սպասարկման ծառայությունը: Այժմ Էվելինան ձեռնարկության կոմերցիոն տնօրենն է և զբաղվում է ավտոմեքենաների դիագնոստիկայով:
Ավտոմեխանիկի արտահագուստով…
էվելինան պատմում է, որ պատահաբար է գնացել ավտոսրահ: Աշխատանք են առաջարկել, ինքն էլ չի հրաժարվել, քանի որ ավտոմեքենաներ սիրել է մանկուց:
«Այդ պահին ես տարբերում էի միայն ավտոմեքենաների մակնիշները: Բայց գլուխ էի հանում էլեկտրոնիկայից և մեխանիկայից», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Էվելինան:
Վեց տարի առաջ էր, երբ նորոգեց առաջին մեքենան: Հետո ստացվեց այնպես, որ ավտոսրահը մնաց առանց ավտոէլեկտրիկի: Եվ հենց այդ ժամանակ բերեցին մի մեքենա, որը երաշխիքային սպասարկման մեջ էր և շտապ նորոգելու կարիք ուներ: Էվելինան գործի անցավ և կարողացավ լուծել բոլոր հարցերը:
Դեպք է եղել, երբ Էվելինան վերանորոգել է հաճախորդի ավտոմեքենան, իսկ նա այդ մեքենայով գնացել է Վոլգոգրադ: Բայց հետո դեռ երկար զանգել ու խորհրդակցել է, թե ինչպես կարելի է լուծել այս կամ այն խնդիրը: Եվ նույնիսկ վարորդ ընկերներին տվել է Էվելինայի հեռախոսահամարը` խորհուրդ տալով դիմել նրան՝ որպես ավտոմեքենաների վերանորոգման լավ մասնագետի:
Էվելինայի առավոտը սկսվում է անցած օրվա փաստաթղթերը նայելով. ինչ մեքենաներ են բերվել նորոգման, ինչն են նորոգել, ինչ պետք է դեռ անել: Հետո 12 տղամարդկանցից և մեկ կնոջից կազմված թիմը խորհրդակցության է հավաքվում: Էվելինան ասում է, որ տղամարդ գործընկերները լիովին նորմալ են վերաբերվում իր խորհուրդներին:
«Եթե ինչ-որ բարդ իրավիճակ է լինում, մեքենայի հետ կապված խնդիր, սկսում ենք քննարկել, խորհրդակցել, որպեսզի և՛ մարդու վրա թանկ չնստի, և՛ խնդիրը լուծենք», – ասում է Էվելինան:
Նա խոստովանում է, որ հաճախորդները զարմանում են, երբ տեսնում են` սրահում նրանց խորհուրդներ է տալիս կինը: Բայց հետո հարմարվում են և կարող են նույնիսկ կեսգիշերին զանգահարել և խորհուրդ հարցնել:
Իսկ աշխատանքից հետո Էվելինան գնում է այլ աշխատանքի: Նա մանկուց երազել է դիզայներ դառնալ, և վերջերս նրան հաջողվել է կյանքի կոչել իր երազանքը. հարսանեկան զգեստների սրահ է բացել: