Հայաստանում գրանցվել է «Օմիկրոն» շտամով վարակվածության ևս 7 դեպք
Հայաստանում գրանցվել է «Օմիկրոն» շտամով վարակվածության ևս 7 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:
Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից:
Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից:
Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։
Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների՝ մասնավորապես «Օմիկրոնի» համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով։