Մամուլ

Հայաստանում գրանցվել է Կավասակիի երկրորդ դեպքը. ինչպե՞ս է վարակված երեխայի վիճակը

Հայաստանում գրանցվել է Կավասակիի երկրորդ դեպքը. ինչպե՞ս է վարակված երեխայի վիճակը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն հունիսի 3-ին հայտնեց, որ Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք է հայտնաբերվել 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն։ Կավասակի հիվանդության ևս մեկ դեպք է գրանցվել Հայաստանում։

Մեզ հետ զրույցում ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատեց այս տեղեկությունները.«Գրանցվել է ևս մեկ դեպք՝ 9 տարեկան երեխայի մոտ։ Իրավիճակն, ի սկզբանե, եղել է ծանր, սակայն այս պահին կլինիկական բարելավվում է նկատվում։ Երեխան ստացել է բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցը, ինչով պայմանավորված վիճակը կայունացել է»։

Նիկողոսյանը հավելեց, որ կավասակիով վարակված 4 տարեկան երեխան արդեն բուժվել է.«Երեխան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Սակայն նա գտնվելու է բժիշկների հսկողության տակ և նրա հետ կապը պահպանվելու է»։

Նշենք, որ Կավասակի հիվանդությունը սկսվում է անբացատրելի բարձր ջերմությամբ: Երեխաները սովորաբար շատ դյուրագրգիռ են դառնում: Տենդը կարող է ուղեկցվել կամ հաջորդող զարգացնել կոնյուկտիվաների ինֆեկցիա (երկու աչքերում կարմրություն), առանց թարախային կամ այլ արտադրության:

Երեխաները կարող են ունենալ տարբեր տեսակի մաշկային ցան, ինչպես օրինակ կարմրուկի կամ քութեշի ցանի նման, ինչպես նաև եղնջացան, պապուլաներ և այլն: Մաշկային ցանը տեղակայվում է իրանին և վերջույթներին, հաճախ նաև տակդիրների տակ, արտահայտված է լինում մաշկի կարմրությունը և թեփոտումը:

Բերանի ախտահարումը ներառում է ալ կարմիր, ճաքճքված շուրթեր, կարմիր լեզու (սովորաբար կոչվում է մորենման լեզու), և բկանցքի կարմրություն: Ձեռքերը և ոտքերը նույնպես ախտահարվում են՝ ափերի և ներբանների այտուցի և կարմրության տեսքով:

Ձեռքերի և ոտքերի մատները նույնպես այտուցվում են: Այս նշաններն ուղեկցվում են ձեռքի և ոտքի մատների ծայրերի բնորոշ թեփոտումով (մոտավորապես հիվանդության երկրորդ և երրորդ շաբաթում): Հիվանդների կեսից ավելին ունենում են պարանոցային ավշահանգույցների մեծացում, հաճախ միայն մեկ ավշահանգույցի, և նվազագույնը 1.5սմ:

Այն գրեթե բացառապես վաղ տարիքի երեխաների հիվանդություն է: Կավասակի հիվանդությամբ երեխաների մոտավորապես 85%-ը 5 տարեկանից ցածր են, առավել հաճախ հանդիպող տարիքը 18-24 ամսականն է։

Կիսվել