Հայաստանում Բելառուսի դեսպանին կանչել են ԱԳՆ
Հայաստանում Բելառուսի դեսպանին կանչել են ԱԳՆ
Հայաստանում Բելառուսի դեսպանն այսօր եղել է ԱԳՆ-ում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Թե ինչ ուղերձ է փոխանցվել Բելառուսի դեսպանին, ԱԳՆ խոսնակը չմանրամասնեց։
Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետության եւ դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին, ասել էր. «Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են… Նիկոլ Վովաեւիչը տեսել է դա»։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն արձագանքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Սոլովյովին տված հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ արված հայտարարությանը՝ նշելով․
«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։