Մամուլ

Հայաստանում առաջին անգամ կկիրառվի բալային համակարգ. ՃՈ պետի տեղակալ

Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ: Այս մասին ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը` ներկայացնելով ոստիկանության նոր օրենսդրական նախաձեռնությունը:

«Ներկայումս ոստիկանությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել  եւ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, համաձայն որի փոփոխություններ կկատարվեն վարչական իրավախախտումների մասին ՀՀ քրեական օրենսգրքում: Այս լրացումներն ու փոփոխությունները նպատակ են հետապնդում ավելի էֆֆեկտիվ կարգավորել այն հասարակական հարաբերությունները,  որոնք առկա են երթեւեկության անվտանգության բնագավառում: Հիմնական փոփոխությունն այն է, որ Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ, այսինքն յուրաքանչյուր վարորդի յուրաքանչոյւր տարի տրվելու է 9 բալ, եւ յուրաքանչյուր խախտում կունենա որոշակի բալային  նիշ, եւ այդ 9 բալը յուրաքանչյուր խախտումից հետո նվազելու է:  Երբ 9 բալը կզրոյացվի, վարորդի տրանսպորտային միջոց վարելու իրավունքը ժամանակավորապես կկասեցվի, նախնական նախագծով` 6 ամիս ժամկետով: Այսինքն սա կստիպի վարորդներին, որպեսզի պահպանեն երթեւեկության կանոնները եւ վտանգի տակ չդնեն իրենց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը: Մենք չենք ունենա այնպիսի իրավիճակ, որ վարորդները իրավախախտում թույլ կտան կվճարեն եւ կշարունակեն վարել»,-ասաց նա:

Նա փաստեց նաեւ, որ տուգանքների համաներումը այդքան էլ էֆֆեկտիվ չի եղել եւ համաներում կիրառած վարորդները նորից շարունակում են չվճարված տուգանքներ հավաքել:

«Այսօրվա վիճակագրությունը փաստում է, որ թեեւ համաներում կիրառվեց եւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կատարված իրավախախտումներով տուգանքների գանձման պրոցեսը դադարեցվեց, բայց այսօր նկատվում է որ այդ նույն վարրոդները այսօր սկսում են իրավախատումներով տուգանքներ հավաքել, ինչը վաղը լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի: Այսինքն նույն խնդիրներն է  առաջացնելու նրանց համար, ինչ ունեին մինչեւ համաներումը: Սա մտահոգիչ է, եւ կարծում եմ, որ քարոզչական աշխատանքները պետք է ավելի ակտիվացնել, հորդորել, որ երթեւեկության մասնակիցները ձգտեն խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները, որպեսզի չտուգանվեն եւ վտանգի տակ չդնեն իրենց եւ այլոց կյանքը»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Աղբյուր՝ NEWS.am

Կիսվել