Մամուլ

Հայաստանում առաջիկա օրերին կլիեն թույլ և միջին ուժի երկրաշարժեր

Հայաստանում առաջիկա օրերին կլիեն թույլ և միջին ուժի երկրաշարժեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել փետրվարի 5-ին Հայաստանում արձանագրված երկրաշարժի վերաբերյալ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:36-ին, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 6-7 բալ:

Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է մոտ 60 սեյսմիկ ակտիվության դեպք:

Նշվում է, որ վաղ գործիքային ժամանակաշրջանում նկարագրվող էպիկենտրոնային գոտում` 1933 և 1947 թվականներին տեղի են ունեցել համապատասխանաբար M=5․0 և M=4․8 մագնիտուդներով երկրաշարժեր: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ, ԱՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ:

«Կապված վերը նշված սեյսմիկ իրադարձությունների հետ, առանձնակի ուշադրություն է դարձվել ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատմանը։ Կատարվել է երկրաֆիզիկական և հիդրոերկրաքիմիական տվյալների վերլուծություն:

jil

Սեյսմիկ մոնիթորինգի ազգային դիտացանցի վերջին տվյալների համաձայն, նախքան տեղի ունեցած երկրաշարժը, անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր։ Դրանք դեռ ավարտված չեն։ Հաշվի առնելով վերը նշվածը, կարելի է եզրահանգել, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով:

Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շուրջօրյա ռեժիմով մոնիթորինգ է իրականացնում․ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կհաղորդվի»,-ասված է նախարարության հաղորդագրությունում:

Կիսվել