Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը. ԱՄՆ կոնգրեսական
Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը։ Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանալու լուրջ ներուժ ունեն: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ով հեղինակել էր անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատում ընդունված Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության նախագիծը:
Կոնգրեսականի խոսքով, «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանի առջեւ զարգացման նոր հեռանկարներ է բացել. «Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը»:
Միացյալ Նահանգների Կոնգրեսում Ֆրեզնո քաղաքը ներկայացնող ԹիՋեյ Քոքսը Հայաստանին վաղուց է ծանոթ՝ դեռ այն տարիներից, երբ աղետի գոտում նախաձեռնում էր 1988-ի երկրաշարժից տուժած մարդկանց համար տների կառուցումը: Այդ օրերին հայերից ստացած ջերմությունը, կոնգրեսականի խոսքով, իր սրտում է մնացել մինչեւ այսօր:
Այսօրվա Հայաստանը սակայն բոլորովին այլ, շատ ավելի լայն հեռանկարներ ունեցող երկիր է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը անչափ տպավորիչ էր, դա ժողովրդի ձայնն էր, որը լսելի դարձավ եւ բերեց խաղաղ իշխանափոխության եւ այդ կառավարության հետ համագործակցությունը մենք այսօր պատիվ ենք համարում»:
Ժողովրդավարական ուղին ընդունած Հայաստանի հետ համագործակցության նոր հեռանկարներ է տեսնում նաեւ կոնգրեսական Ջուդի Չուն. «Ես իրոք հպարտ եմ Հայաստանի համար, քանզի այս երկիրը կարողացավ՝ ժողովրդավար գործընթացի միջոցով, խաղաղ ճանապարհով, մեծ փոփոխության հասնել՝ ապացուցելով, որ ժողովրդավարությունը գործում է: Համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք մեր աջակցությունը Հայաստանին»:
Կոնգրեսականի խոսքով, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մեկ այլ խնդիր է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը:
Աղբյուր՝ 1in.am