Հայաստանի 27-ամյա չեմպիոնը Jeep-ով Հատիս լեռան գագաթից մոտ 600 մետր գլորվել է․ կան վիրավորներ
Հայաստանի 27-ամյա չեմպիոնը Jeep-ով Հատիս լեռան գագաթից մոտ 600 մետր գլորվել է․ կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան գագաթից ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվել է և կան վիրավորներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խումբը, մարզի օրվա պատասխանատու Գեղամ Ղազարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Աբովյան» բժկական կենտրոնի բժիշկների շտապօգնության 2 խումբ։ Բժիշկները և փրկարարները մոտ 8 կիլոմետր ավտոմեքենայով Հատիսի գագաթ հասնելու համար օգտագործել են «Վիլիս» տեսակի տրանսպորտային միջոց, ապա մոտ 1 կմ ոտքով մոտեցել են Հատիսի գագաթից մոտ 600 մետր ներքև գլորված Jeep մակնիշի ավտոմեքենայի մոտ, ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են վարորդին՝ Երևանի բնակիչ 27-ամյա Պապին Ավետիսյանին։
Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա փրկարարների և 2 քաղաքացու հետ վիրավորին պատգարակով մոտ 1 կմ մոտեցրել են ԱԻՆ-ի «Վիլիսին» և այդ մեքենայով վիրավորին տեղափոխել են երթևեկելի գոտի, որտեղից էլ պատգարակով մոտեցրել են Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։
Վիրավորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և քննիչ Տիգրան Գևորգյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Օֆֆռոդ մարզաձևի Հայաստանի չեմպիոն է։