Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսվել է կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսվել է կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, բայց եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով» (խաղաղության պայմանագրով) կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա հանձնաժողովի կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն խաղաղության պայմանագրի սկզբունքներին: