«Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել». Նաիրա Զոհրաբյան
«Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«700 հազար դոլարանոց «Տոնածառ փարթին» ու Գորան Բրեգովիչը
Երևանի ավագանու իմքայլական հատվածի որոշմամբ Երևանում Ամանորի միջոցառումների վրա կծախսվի մոտ 700 հազար դոլար:
Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել: Չէ, ես կողմ եմ, որ ցանկացած տոն արժանավայել նշվի:
Բայց ոնց որ թե 700 հազար ոլարը մի այլ կարգի «պերեբոռ» է:
Չմոռանամ հիշեցնել, որ Երևանում մոտ 4 հազար 500 վերելակ կա, որոնց զգալի մասը վաղուց արդեն չպիտի շահագործվի, իսկ մի մասն էլ ուղղղակի «մահվան վերելակներ» են:
Մինչդեռ, 2019 թվականին քաղաքապետարանը գնել է ընդամենը 20 վերելակ, և յուրաքանչյուր համայնքի հատկացրել 2 վերելակ:
Դե, չհաշվենք էլի, որ տոնածառի ծախսերը որ մի քիչ համեստ անեին` քանի՞ «մահվան վերելակ» կարող էին փոխել:
Քաղաքի բազմաթիվ փողոցների լուսավորության ու սանմաքրման մասին էլ համեստաբար լռենք:
Հա, մամուլն էլ գրել է, որ Բրեգովիչի հոնորարը 290 հազար դոլար է:
Եկեք դեռ չհավատանք մամուլին ու սպասենք քաղաքապետարանի պաշտոնական պատասխանին:
Հիմա սա ցինի՞զմ է, թե՞ կոմպլեքսի ինչ-որ նոր տեսակ։ չգիտեմ ու չի էլ հետաքրքրում:
Բայց երբ երևանցին բազում կենսական առաջնահերթություններ ունի ու էդ ֆոնին 700 հազարանոց «տոնածառ փարթի» ես անում` մի տեսակ անամոթության է նմանվում:
Ի վերջո, տոնը ծախսած գումարի չափով չի որոշվում, այլ քաղաքացու տրամադրությամբ և տոնին հաղորդակից լինելու ցանկությամբ:
Մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ ամեն օր «մահվան վերելակով» վերև-ներքև անող քաղաքացին ծափ է տալու 700 հազար դոլարանոց «տոնածառ փարթիին»»։