Մամուլ

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը։

«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ (խմբ. ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ) այն սպառնալիքի տակ է դնում խաղաղ ջանքերը, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային կայունությունն ու գլոբալ խաղաղությունը։

Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու հետևել միջազգային իրավունքին»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ 

Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Հարվածների թիրախում են հայտնվել նաև բնակելի շենքեր։

Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանը խոստացել է վճռորոշ պատասխան տալ իսրայելական հարվածներին։