ԱշխարհՄամուլ

Հայաստանը 2018-ին ժողովրդավարության առումով ամենամեծ առաջընթացն արձանագրած երկրներից է. հրապարակվել է Freedom in the World ամենամյա զեկույցը

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Freedom in the World ամենամյա զեկույցը, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին:

Զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ անցած 2018թ. նկատվել է ազատության գլոբալ անկում:

«Ժողովրդավարությունը նահանջում է»,-ահազանգել են մասնագետները:

Այնուհանդերձ՝ որոշ երկրներում արձանագրվել են «անակնկալ» դրական արդյունքներ:

«Անակնկալ բարելավում է եղել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մալայզիայում, Եթովպիայում, Անգոլայում և Էկվադորում»,-նշվում է փաստաթղթում:

Հատկանշական է, որ Հայաստանը մեկ տարում խոշորագույն առաջընթաց արձանագրած երկրների վեցյակում 4-րդն է: Մեր երկիրն առաջընթաց է ունեցել 6 միավորով՝ շարունակելով մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում:

«Հայաստանում զանգվածային ոչ բռնի ցույցերը հանգեցրին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո իշխանության եկած և խորհրդարանում մեծամասնություն կազմած բարեփոխիչները պարտավորվել են կոռուպցիայի ու պաշտոնական դիրքի չարաշահման դեմ պայքարում առաջ տանել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»,-նշվում է զեկույցում:

Ընդհանուր առմամբ, Freedom in the World 2019 զեկույցում ներառվել է 195 երկիր ու 14 տարածք, որոնցից յուրաքանչյուրում մասնագետներն առանձին-առանձին դիտարկել են նախորդ տարվա ընթացքում ժողովրդավարության, մասնավորապես՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հետ կապված վիճակը: Ըստ այդմ՝ երկրները դասակարգվել են ազատ, մասամբ ազատ և անազատ կատեգորիաներում:

Զեկույցում նշվում է, որ ուսումնասիրված երկրների ու տարածքների 44,1%-ը համարվել է ազատ, 30,3%-ը՝ մասամբ ազատ, իսկ 25,6%-ը՝ անազատ:

Ինչ վերաբերում է հարևան պետություններին, ապա տարածաշրջանում վատագույն ցուցանիշն են արձանագրել Թուրքիան, Իրանն ու Ադրբեջանը, որոնք ներառվել են անազատ երկրների ցանկում: Դրանում է ներառվել նաև Ռուսաստանը, մինչդեռ Վրաստանը ժողովրդավարության մակարդակի տեսանկյունից ճանաչվել է մասամբ ազատ պետություն:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել