«Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը». Զոհրաբ Մնացականյանի ելույթը Բրատիսլավայում (Տեսանյութ)
«Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը». Զոհրաբ Մնացականյանի ելույթը Բրատիսլավայում
Պարո՛ն նախագահող,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Պարո՛ն նախագահող, շնորհակալ եմ հյուրընկալության և կազմակերպությունում այս մեկ տարվա ընթացքում Ձեր նախագահության համար:
Երեկ իմ ադրբեջանցի գործընկերոջ և և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացրեցինք հերթական խորհրդակցությունները, թվով հինգերորդն այս տարվա ընթացքում:
Այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:
Առաջին. Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ և աջակցություն վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունի։
Երկրորդ. Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի:
«Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս:
Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայով. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։
Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն:
Երրորդ․ Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։
Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին և 2016թ.-ին:
Այս միտքն առավել ընդգծելու նպատակով՝ ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների և որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։
Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ։
Չորրորդ. խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ: Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի:
Այս առնչությամբ մենք ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնավորապես բովանդակային հարցերում Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը:
Հայաստանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք կարող են խախտել Արցախի ժողովրդի` իր սեփական քաղաքական կարգավիճակը ազատորեն վճռելու իրավունքը և զրկել նրանց այս գործընթացի նկատմամբ սեփականության զգացումից:
Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։
Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։
Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994թ. և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։
Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով։
Վեցերորդ. պետք է անվերապահորեն հավատարիմ մնալ ուժի և ուժի սպառնաիքի չկիրառման հիմնարար սկզբունքին:
Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրվող և ուղղորդվող ատելության, անհադուրժողականության, այլատյացության, հայատյացության քաղաքականությունը պետք է դատապարտվի:
Պետք է ջանքեր ներդրվեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղությանը նպաստող միջավայր ձևավորելու ուղղությամբ:
Յոթերորդ. Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները, որոնք հաշվի չեն առնում Արցախի ժողովրդի կամքն ու մտահոգությունները, խաղաղ կարգավորման գործընթացի բովանդակային առաջընթացի հիմնարար խոչընդոտներն են։
Դրա վկայությունն է Ադրբեջանի իշխանությունների անկարողությունը փոխադարձել Հայաստանի փոխզիջման կոչը։
Հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը ցուցաբերեց քաղաքական ուժեղ կամք՝ հայտարարելով, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ինչը նշանակում է, որ կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով։
Պարո՛ն նախագահող,
Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին և շարունակելու է հետևողականորեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո վերջինս խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը:
Անցյալ ամիս մենք ցույց տվեցինք հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության ձևավորման համեստ, բայց կարևոր օրինակ։
Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակումը վստահության ձևավորման և կողմերի միջև հանրային մակարդակում ներառական երկխոսության խոստումնալից օրինակ է։
Մենք պատրաստ ենք հետագայում կառուցել այս փորձառության հիման վրա։ Նաև, շփման գծի երկայնքով և միջպետական սահմաններում խախտումների հարաբերականորեն ցածր մակարդակը, իչպես նաև ուղիղ կապի կիրառումը պետք է պահպանվեն և ընդլայնվեն։
Այնուհանդերձ, մեզ շարունակում է լրջորեն մտահոգել այն փաստը, որ չնայած այս միջոցներին՝ շարունակվել են արձանագրվել զոհեր և վիրավորներ, որոնցից հնարավոր էր խուսափել։
Արդեն իսկ ստանձնած հանձնառությունների իրականացումը առանցքային նշանակությունի ունի հիմնախնդրի վերջնական կարգավորման հեռանկարի ուղղությամբ վստահության ձևավորման համար։
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ողջունել հաջորդ նախագահող երկրին՝ Ալբանիային, և մաղթել նրան ամենայն հաջողություն:
Շնորհակալություն։